Հայաստանի պետական կառավարման համարգում ծառացած խնդիրների լուծման համար հստակ աշխատանքներ են պահանջվում: Կան հարցեր, որոնք օրենսդրական կարգավորման դաշտից դուրս են, սակայն կազմակերպչական առումով խնդրահարույց են:
Որպես օրինակ՝ կարող ենք դիտարկել պետական գույքի շահագործման խնդիրը: Մարդիկ ժամանակին պետությունից գույք կամ հողատարածք են ստացել՝ պարտավորվելով ներդրումներ կատարել կամ, օրինակ, անմշակ հողը վերածել ցանքատարածության, մի խոսքով՝ հասնել նախապես պլանավորած նպատակին: Այսօր, սակայն, դրանք չեն օգտագործվում, և փաստացի ակտիվները սառեցված են:
Արդյունքում այս կամ այն գույքը, ունենալով որոշակի զարգացման կամ ներդրումային պոտենցիալ, մնում է «քնած վիճակում»:
Այստեղ միանշանակ պետությունն ունի անելիքներ: Կարծում եմ՝ նախ պետք է սառեցված ակտիվների հարկերը բարձրացնել՝ արհեստականորեն դրանք տանելով կա՛մ շահագործման, կա՛մ վաճառքի: Օրենսդրական կարգավորումներով հնարավոր է որոշակիորեն մեղմացնել ռիսկայնությունը:
Բացի այս՝ հնարավոր է նաև ներդնել մի համակարգ, ըստ որի՝ պետությունից անհատը վարձակալությամբ վերցնում է գույքը կամ հողատարքը և ստանձնում որոշակի պարտավորություններ: Դրանք պատշաճ իրականացնելու դեպքում նոր ակտիվները սկսում է տնօրինել ինքնուրույն, հակառակ դեպքում պարտավորվում է գույքը հետ վերադարձնել պետությանը:
Սրանք զուտ տեսակետներ են, ու ավելի խորքային ուսումնասիրությունները կարող են լուծումներ առաջարկել, սակայն փաստը մնում է փաստ, որ խնդիրը շարունակում է պետական ապարատում կախված մնալ: