Երբեք չեմ եղել փնթփնթացողներից ու չեմ բողոքել, որ հեռուստատեսությամբ սերիալներ են նկարում։ Բայց չեմ էլ կարող ասել, որ ակտիվորեն հետևել եմ դրանց։ Մի երկու անգամ փորձել եմ, բայց 1,2 սերիայից հետո թողել եմ, որովհետև մեկում հիմար դիալոգներ են, մյուսում՝ հակահիգիենիկ տեսքի գլխավոր ու երկրորդական հերոսներ, երրորդում՝ ահավոր արհեստական միջավայր, չորրորդն էլ պարզապես ձանձրալի է։
Սակայն արդեն երկու օր է՝ հաճույքով նայում եմ ԱԹիվիի նոր սերիալը՝ «Կայարանը»։ Նախ, ինձ շատ դուր եկավ դերասանական կազմը, որից նավթալինի հոտ չէր գալիս, ոչ էլ մոտս խառնշփոթ էր առաջացնում այն փաստը, որ այդ դեմքերին արդեն սովորել էի այլ կերպարներում։ Ինչպես հասկացա, հիմնականում նոր դեմքեր են, բայց կան նաև փորձառուներ։ Շատ լավն էր Էլբակյանի խաղը, առանձին հիշատակման է արժանի Բաբասյանը, որովհետև նրան լիովին հաջողվել է մարմնավորել սրիկայի (այս պահին նա ամենավառ պերսոնաժն է)։ Հետաքրքիր էր նաև գլխավոր հերոսուհին. ստանդարտներից դուրս գեղեցկություն ունի, բայց միևնույն ժամանակ կարողանում է լավ խաղալ տեսախցիկների առջև (ոմանք 200 սերիայից հետո էլ դախության մարմնավորում են մնում) ու առհասարակ․․․ թարմ էր։
Սյուժեն էլ է թարմ հայկական սերիալների համար։ Ու որ ամենահաճելին էր, չկար գողական։ Աստված իմ, չեք պատկերացնի, թե ոնց եմ զզվել հերոս գողականներից, ովքեր կինոյի կեսից նաև դառնում են герой любовник։ Այս ամենը հերիք են, որպեսզի ես հաճույք ստանամ առաջին սերիաներից։ Հուսով եմ, որ հեղինակները չեն փոխի իրենց ուղղվածությունը և կկարողանան պահել այս մթնոլորտը։