Մենք ազգովի նմանվել ենք մի թատերասերի, ով միամտաբար կարծում է, թե ներկայացման բովանդակային զարգացումները, իրադարձությունների ընթացքը, այս կամ այն հերոսի վարքագծային դրսևորումները պայմանավորված են ներկայացման մեջ ներգրավված դերասանների անձնական հատկանիշներով, նրանց բնությամբ: Օրինակ՝ մեկ անգամ դիտելով «Օթելլո» ներկայացումը և հոգեկան մեծ ցնցում ապրելով խանդից կուրացած բիրտ ու կոպիտ մավրի կողմից անմեղ Դեզդեմոնային խեղդամահ անելու տեսարանից՝ մեր հանդիսատեսն այլ դերակատարների մասնակցությամբ նույն ներկայացումը դիտելիս միշտ հույսեր է փայփայում, թե այս անգամ այդ դժնդակ տեսարանը չի կրկնվելու: Ահա, մտածում է նա, մավրի այս դերակատարի աչքերից երևում է, որ բարի հոգի ունի, չի անելու, ուրիշ որոշում է կայացնելու, կամ ահա այս մյուսը բավականաչափ խելացի է կարծես և անպայման ջրի երես է հանելու Յագոյի խարդավանքն ու նրան է խստագույնս պատժելու, իսկ այս մեկը առօրյայում ազատական հայացքների տեր մարդ է և հարգելու է «կանանց ինքնորոշման իրավունքը», չի միջամտելու, չտեսնելու է տալու, իրան էշի տեղ ա դնելու»: Սակայն, ավաղ, Յագոն միշտ անում է իր չար գործը, իսկ մավրն էլ, իր հերթին, վերջում միշտ արտասանում է հանրահռչակ «Հալեպը», քանզի այդ է պահանջում ներկայացման ֆաբուլան, և ինքը` մեծն Շեքսպիրն է այդպես հղացել:
Բանից անտեղյակ՝ այս խեղճ թատերասերի նման քսան տարուց ավելի է, ինչ մենք, կամա թե ակամա, պարտադրված, թե մեր ազատ կամքի թվացյալ դրսևորմամբ, առաջնորդվում ենք այս խեղճ թատերասերի տրամաբանությամբ: Նոր վարչապետի կամ նոր նախագահի նշանակումը մեզանում միշտ հույսեր են արթնացնում…
«Ահա այս նորը, «դրայվոտ» տղա է երևում, նա, կարծես, հասկացել է ընտրված ուղու կործանարար լինելը, ըմբռնել է վերահաս աղետի անխուսափելիությունը, և հենց նա է, ով այսուհետ ամեն ինչ այլ կերպ է անելու, «սրանց հերն անիծելու է», ինչ-որ բան է փոխելու, այլ ընթացք է որդեգրելու, գտնելու է մեր «փրկության ուղին», նյութից զատ այլ արժեքներ էլ է կարևորելու», - մտածում ենք մենք՝ մոռանալով, որ այս «ներկայացման ֆաբուլան» վաղուց գրված ու հաստատված է:
Ցավոք, պարզից էլ պարզ է, որ անկախ նրանից, թե ով կլինի մեր հերթական վարչապետը, երկրում, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվելու, ամեն ինչ նույնն է մնալու`«Օթելլոն դարձյալ խեղդելու է Դեզդեմոնային», քանզի մինչև «ներկայացման ֆաբուլան» չփոխվի, ոչինչ չի փոխվի…