Վերջերս Ֆեյսբուքում լայն տարածում է գտել Հանրային հեռուստաընկերության «Ամենակարող երգիչ» հեռուստանախագծի մասին քննարկումները, և իսկապես ուրախ եմ, որ ստորագրահավաք է սկսվել ծրագիրը դադարեցնելու համար: Հանրային հեռուստաընկերությունը հիմա էժանագին ռեստորան է հիշեցնում, որտեղ քյաբաբը մատուցվում է Սպիտակցի Հայկոի գլխավորությամբ: Նկատե՞լ եք՝ հաղորդման ժամանակ երգում են այնպիսի երգիչներ, ովքեր հայտնի չեն, այսինքն՝ ինչ է ստացվում. շուտով նրանք կդառնան հայտնի և հարսանիքների շատ պատվերներ կունենան: Ստացվում է, որ նման նախագծերը չեն ներկայացնում հայկական մշակույթ, փոխարենը ուրախ եմ, որ կան այլ նախագծեր, որոնք պահում են հայկական ազգային արժեքները: Վստահ եմ՝ լսել եք «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի իրականացրած «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի մասին: Մարդիկ շատ լուրջ աշխատանք են տարել, armenianmusic.am կայքում հավաքել են ավելի քան 500 հայկական ժողովրդական, հոգևոր և ազգային երգեր: Այս կայքում հաստատ չես գտնի Սպիտակցի Հայկոյի ոչ մի երգ: «Ամենակարող երգիչ» նախագծի ստեղծողներ, դուք պարզապես փչացնում եք այն մարդկանց արած աշխատանքը, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում մեր հայկականը պահպանելու համար: Իհարկե, ուրախալին այն է, որ «Ամենակարող երգիչ»-ը և սրա նման այլ հաղորդումներ կանցնեն-կգնան, իսկ «Հայկական ազգային երաժշտական գանձարան»-ը մնայուն է: