Անցած գրառումիցս հետո տասնյակ նամակներ ու մեկնաբանություններ ստացա՝ հավանաբար տվյալ դատախազի մանկլավիկներից ու ֆեյքերից, ովքեր, կարծես, միակ եզրակացությունը, որ արել էին նախորդ գրառումիցս, դա մեքենայի գինն էր, ու ինձ ամոթանք էին տալիս, որ «ընդամենը» 15-20,000 շուկայական արժեքով մեքենան գրել էի 70,000 (Մերսեդեսի սալոնի գնացուցակն էի նշել)։ Իսկ այն, որ դատախազության աշխատակիցը իրավունք չունի իր սեփական մեքենայի վրա պետական համարներ դնելու, կարծես ոչ մեկի չի հետաքրքրում։
Հիմա էլ մեկ ուրիշ լիխաչ-դատախազի առնչվեցի։ Սա էլ S600 Մերսեդեսով էր, որի գինը ևս չի տեղավորվում օրինապաշտ իրավապահի ռոճիկի ստեղծած տիրույթում, բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Տվյալ հերոսի երթևեկությանը ականատես լինելով՝ սկսեցի լուրջ կասկածել, որ դատախազությունում ինչ-որ ֆլեշմոբ են սկսել, որի նպատակն է գերազանցել կոլեգաներին երթևեկության լկտիությամբ։ Դե ի՞նչ է եղել որ, մեկ ա համարները դատախազական են, ուդոն էլ մոտներն է, ու իրենց չեն կանգնեցնի, անգամ եթե հանդիպակած երթևեկություն անեն կամ էլ 60 կմ/ժ թույլատրելի արագության ճանապարահատվածում 160 կմ/ժ քշեն։
Էլի ու էլի եմ ասում․ մարդիկ այնքան միամիտ չեն, որ հավատան այս րոպեական փոփոխություններին, բայց ամեն մեծ ճանապարհ սկսում է փոքր քայլերից։ Այսպիսի մի փոքր քայլ էլ կարող է դառնալ դատախազներին ու այլ իրավապահների օրինականության բերելը, երբ մարդիկ կդադարեն իրենց օրենքից վեր դասել զուտ իրենց ունեցած պագոնի ու պետական պետհամարանիշների հաշվին։ Եթե դա չի արվում, ապա ինչո՞ւ պետք է քաղաքացին ինքը հարգանք տածի օրենքի նկատմամբ։