«Ի վերջո քաղաքական ուժերն են պատասխատատու քաղաքաղաքական գործընթացների համար, այլ ոչ թե մարդիկ, ովքեր ունեն տեխնոկրատների համբավ, բայց չունեն քաղաքական համբավ և հանկարծ նշանակվում են բարձր պաշտոնների, նշանակվում նախարարներ, և մենք տեսնում ենք շահերի բախման գործընթաց… Համակարգն օգտագործում է նրանց իր շահերի համար». այս մտքերը երեկ Արթուր Բաղդասարյանն արտահայտել է Հ3 հեռուստաալիքով:
Մի կողմ թողնենք Արթուր Բաղդասարյանի քաղաքական համբավի շուրջ քննարկվող թեմաները. ոչ մի տեսակի քաղաքական ենթատեքստ չեմ ուզում առաջ մղել. խնդրում եմ քոմենթներով չֆիքսվել դրա վրա...
Իմ շատ համեստ կարծիքով՝ մեր երկրի զարգացման այս կենսափուլի համար խիստ կարևոր ու պրինցիպյալ հարցերից մեկն է քննարկվում: Արտահայտվելու մոտիվացիաս պայմանավորված է բացառապես թեմայի բովանդակությամբ:
Պետական կառավարման համաշխարհային գիտական միտքը վաղուց քննարկում է զուտ քաղաքական ու խիստ մասնագիտական ռեսուրսների սիներգետիկ կապ ստեղծելու հնարավորությունը: Պրակտիկ փորձը ցույց է տալիս, որ տեխնոկրատները` որպես բարձրագույն մենեջմենթի մաս, խիստ կարևոր են աշխարհի ցանկացած երկրի կառավարության համար: «Համակարգն օգտագործում է նրանց իր շահերի համար» արտահայտությունն ի՞նչ կապ ունի տեխնոկրատների հետ: Համակարգն իր շահերի համար ոչ տեխնոկրատների չի՞ կարող օգտագործել:
Այո՛, քաղաքական գործոնն ու քաղաքական մենեջմենթի որակյալ ռեսուրսները գործադիր մարմնում կարևորագույն դեր ունեն, բայց այդ հաշվեկշռում շատ քիչ է եղել այսպես ասած «կորպորատիվ-մասնագիտական» մենեջմենթի չափաբաժինը:
Ես չեմ քննարկում այն «մակերեսային թեզը»՝ թե հենց տեխնոկրատներ հայտնվեցին, մեր բոլոր խնդիրները կլուծվեն: Քաղաքական ու տնտեսական ինստիտուտները մեր երկրում դեռ շատ «հաց ու պանիր պիտի ուտեն», որ գործնականում բազմաթիվ ցանկալի խնդիրներ լուծվեն: Ընդ որում՝ վերոգրյալի հարցում, որքան սուբյեկտիվ, այնքան էլ օբյեկտիվ խոչընդոտներ կան:
Այնուամենայնիվ, կշիռ չունի այն փաստարկը, որ պետական կառավարման ոլորտում միայն քաղաքական ուղի ունեցող սուբյեկտներն են ի զորու դրական արդյունք գրանցելու: