Ինձ ուժեղ երկիր է պետք, ուր մարդիկ ոգով ամուր կլինեն ու անվեհեր: Չեն երկյուղի մահից և պատրաստ կլինեն իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի բարօրության և ազատության: Ուր թույլ չեն տա՝ օտարի կամքն իշխի իրենց վրա ու քարից զենք կկոփեն, երկնքից շանթեր կիջեցնեն ու չեն համակերպվի նվաստացմանը: Ուր կգտնեն, որ ազգի արժանապատվությունը վեր է ազգի գոյությունից: Ուր մարդն Աստծուն հավասար կսիրի իր երկիրը, իր հայրենիքի պատիվն ու իր անձի արժանապատվությունը: Իսկ դրա համար մարդը պիտի լինի ազատ, խրոխտ, ոգելից, ոչինչ չպիտի կաշկանդի նրա ներսի փոթորիկը: Նա պիտի մի մղում ունենա՝ հերոսացում: Ինձ համար միևնույն է, թե ում կերկրպագի այդ մարդը՝ հրեշտակների՞, դիցե՞ր կունենա, արև՞, թե՞ խաչափայտ կպաշտի, ճերմակազգեստ քո՞ւրմ, թե՞ կնգուղավոր քահանա կունենա: Այդպիսի մարդ է ինձ հարկավոր, այլապես իմ երկիրը չի դիմանա ախոյաններին ու կուլ կգնա: Այդպիսի՛ երկիր է ինձ պետք: Ասա ինձ, դու, իմաստո՛ւն կաթողիկոս, որ խակ պատանի անվանեցիր ինձ, կարո՞ղ ես ապահովել դա: Եթե այո՛, ապա հիմա ևեթ կհրաժարվեմ իմ կոչումից ու թագը կդնեմ քո ոտքերի տակ: Ապացուցի՛ր ինձ, որ քո՛ կրոնը կապահովի դա, ու ես ծնկաչոք բոլոր վանքերը կգնամ ու նրանց քարերը կհամբուրեմ: Ապացուցի՛ր ինձ: