Lurer.com-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի Բրայթոն Էնդ Հով քաղաքի բնակչուհիներից մեկը երեք օր տանից դուրս չէր գալիս՝ երկյուղելով ճայերի հարձակումից: Այդ մասին սեպտեմբերի 22-ին գրել է Metro-ն:
Բարբարա Քոքսի վրա երկու թռչուն էր հարձակվել, երբ նա սպիտակեղեն էր կախում բակում: Ճայերից մեկը ճանկերով բռնել էր տուժածի ոտքը: Կինը փախել էր տուն, մշակել վերքերը եւ զանգահարել ոստիկանություն: «Ասացի, որ ինձ վրա ճայեր են հարձակվել: Խնդրեցի բռնել նրանց, բայց նրանք պատասխանեցին, որ իրենց դրա համար չեն վճարում»,-պատմել է բրիտանուհին:
Քոքսը որոշել է բուժզննման համար հիվանդանոց գնալ հարձակումից երեք օր հետո: Նա ասել է, որ ինքը չափազանց վախեցած էր պատահարից, որպեսզի տնից դուրս գար: Կինը կարծիք է հայտնել, որ ճայերը փորձում էին պաշտպանել իրենց բույնը, որը հավանաբար գտնվում էր նրա տան հետնաբակում: