Գաղտնիք չէ, որ այսօրվա բուհական համակարգը ընդհանուր առմամբ չի գոհացնում ո՛չ ուսանողներին, ո՛չ էլ դասախոսներին:
Պետական բուհերին լուրջ մրցակից են դարձել Ամերիկյան, Ֆրանսիական և Սլավոնական համալսարանները: Եթե առաջինի դեպքում պետական բուհերի դիմորդներին տանելու ծավալը փոքր է՝ հաշվի առնելով խիստ քննությունները և ուսման բարձր վարձը, ապա մյուս երկուսը զգալիորեն «ուսանողաթափ» արեցին պետական մի շարք բուհեր...
Պետք է, բնականաբար, ոչ թե նրանց մեղադրել, այլ ձգտել պետական բուհերը հրապուրիչ ու ցանկալի դարձնել ուսանողների համար:
Իհարկե, ոչ բոլորն են ծանր վիճակում հայտնվել... Օրինակ՝ ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետը նման խնդիր չունի և չի էլ ունենա մի շարք գործոնների շնորհիվ, որոնք, սակայն, կապ չունեն կրթության կազմակերպման և մատուցման հետ:
Կարծում եմ՝ ժամանակն է հիմնովին վերանայելու ուսանող կրթելու, որակյալ կադրեր պատրաստելու ողջ գործընթացը: Օրինակ՝ մի շարք առարկաներ դարձնել ընտրովի և հնարավորություն տալ ուսանողներին մասնակցելու այլ առարկաների դասերին, որոնք նրանց կհետաքրքրեն: Սա կարող է թույլ տալ ուսանողին նաև իր դասացուցակը ինչ-որ առումով ինքնուրույն կազմել:
Մագիստրոսական կրթությունը լիովին պետք է վերանայվի:
Այս և մի շարք այլ հարցեր ու գաղափարներ քննարկման կարիք ունեն լայն շրջանակների, այդ թվում` ուսանողների մասնակցությամբ:
Պակաս կարևոր չեն նաև «կենցաղային» պայմանները... Լսարանների՝ ոչ բավարար թվով լինելը, վարագույրների բացակայությունը, ինչի հետևանքով ուսանողներն արևի տակ շշմում են, իսկ գրատախտակը փայլում` անընթեռնելի դարձնելով գրածը, ձայնա- և տեսասարքավորումների առկայությունը լսարաններում, արագ ինտերնետային կապը և այլն...
Որքան շուտ այս հարցերը կարևորվեն, այնքան լավ...