Image result for Ավիափոխադրումներ

ՀՀ կառավարման համակարգի տարբեր պաշտոնյաների գործուղումների ուռճացված ծախսերի մասին տեղեկատվությունը հաճախ մամուլի քննարկման առարկա է դառնում: Մեր՝ նման փոքր տնտեսական հնարավորություններ ունեցող երկիրը չի կարող իրեն թույլ տալ, որ պետական ծառայողները անխնա կերպով վատնեն պետբյուջեի միջոցները: Պետական միջոցների վատնումը հատկապես մեծ չափերի է հասնում ավիափոխադրումների ժամանակ:

Բանն այն է, որ այս ոլորտը կոռուպցիոն մեծ ռիսկեր է ներառում. մասնավորապես՝ ավիափոխադրողների ծառայություններից օգտվելու արդյունքում փաստացի տեղի է ունենում պետությունից գողություն, որը կատարվում է, այսպես ասած, «ատկատների» տեսքով, երբ գերատեսչություններն իրենց հետ աշխատող գործակալությունների հետ միասին արհեստական պահանջարկ են ստեղծում, որպեսզի ավիատոմսերի գները բարձրանան, ապա ատկատ են անում:

Ի վերջո, ուշ, բայց ոչ ուշացած, պետությունը ուշքի եկավ և ավիատոմսերի գնման պրոցեսում ռիսկերը նվազեցնելու նպատակով ներդրվեց էլեկտրոնային միասնական հարթակ, որի չափորոշիչները կարգավորելու նպատակով գործադիրի այսօրվա նիստում ներկայացվեց ավիափոխադրումների ծառայությունների մասին որոշման նախագիծը: Ճիշտ է, այն նախատեսում է բարդ ընթացակարգ, սակայն նոր պայմաններում բացառվելու է միջնորդավորված եղանակով տոմսերի գնումը, հնարավորություն է ստեղծվելու ավիատոմսերը ձեռք բերելու համեմատաբար ցածր գներով: Էլեկտրոնային հարթակի կիրառումը կարևոր քայլ է պետության կողմից կատարվող ծախսերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և գործընթացին թափանցիկ տեսք հաղորդելու տեսանկյունից: Նմանատիպ մեխանիզմներ ներդնելու խնդիր կա նաև այլ ոլորտներում, որտեղ կոռուպցիոն բարձր ռիսկեր կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել