Շնորհավո՛ր բոլորիս տոնը. այստեղ մենք տանն ենք:
Խնդիրների համախումբը, որին բախվում է Հայաստանը, ընդհանուր հաշվով առանձնահատուկ չէ և բնորոշ է ժողովրդավարացման անցումային փուլն հաղթահարած այլ պետությունների: Բնականաբար, որևէ մեկը չի հավակնում պնդելու, որ մենք վաղը համալրելու ենք Արևմտյան ժողովրդավարությունների շարքը, նույն կերպ նաև որևէ մեկը չպետք է հավակնի պնդելու, որ մենք տապալել ենք ժողովրդավարացման գործընթացը զուտ միայն այն պատճառով, որ այս կամ այն պաշտոնյան կաշառակեր է կամ օլիգարխ կամ ընտրակեղծարարություն է լինում:
Քաղաքական համակարգի տրանսֆորմացիայի տեսանկյունից նման խնդիրներն իրենց բնույթով փուլային են և իրերի որոշակի համադրության արդյունքում վաղ թե ուշ լուծում են ստանում, եթե ի սկզբանե լուծված է ամենակարևոր խնդիրը՝ համակարգային առումով քաղաքական կայունության և պետական մոտեցման ցուցաբերման անխախտության պայմանը, եթե գործ ունենք ճգնաժամային որևէ իրավիճակի հետ: Սա ժողովրդավարական անցման հաջողության գլխավոր պայմանն է, երկիրը քաղաքական ցնցումներից և ժողովրդավարական հետընթացից զերծ պահելու միակ միջոցը: Անկախ Հայաստանի 25-ամյա քաղաքական պատմությունը գնահատելիս ելակետ պետք է ունենանք հենց այս հանգամանքը: