Սիրելի՛ հայրենակիցներ,
Բառերն, ինչպես ամեն ինչ այս կյանքում, մաշվելու հատկություն ունեն:
Վատն այն է, որ խոսքի մաշվածությունը չի զգացվում: Դրա մաշված լինելը հասկանում ես միայն այն պահին, երբ գիտակցում ես, որ բառն այնքան շատ է օգտագործվում առօրյայում, որ ո՛չ ինքդ, ո՛չ էլ ուրիշները դրա իրական իմաստին այլևս ուշադրություն չեն դարձնում, չեն անդրադառնում:
Անկախության՝ թերևս առավել տարածված ընկալումներից մեկն այն է, թե ինչ ուզենք, կանենք: Եվ շատերի կարծիքով՝ մենք անկախություն չունենք, քանի որ չենք կարող անել այն, ինչ ուզում ենք: Սակայն արդյո՞ք այդպես է։ Իրականում անել կարող ենք գրեթե ամեն բան, սակայն դրանից ավելի կարևոր է գիտակցել, թե անելիքներից ինչն է մեզ համար իսկապես օգտակար, պետքական ու անհրաժեշտ։ Ինչ խոսք, սա շատ ավելի բարդ է, թեև հավատացած եմ, որ հենց սա է ամենակարևորը:
Հուսամ, որ մի օր մենք կկարողանանք ապրել մե՛ր շահերով, մե՛ր շահերը կյանքի կոչելով: Բայց դա հնարավոր է միայն աշխատանքով, միայն գործելով: Մեր նախնիների պես, որոնք պայքարեցին, կռվեցին ու գործեցին հանուն նրա, որ մենք ոչ միայն կարողանանք անել, ինչ ուզենք, այլև ինքներս որոշենք, թե ինչն է մեզ համար օգտակար։ Ինքներս որոշենք մեր լավն ու վատը, այլ ոչ թե գործենք ուրիշի թելադրանքով, ուրիշի թելադրած լավ ու վատով։ Հիմա մեր հերթն է գործելու, պայքարելու ու կռվելու անկախության այս ընկալումն ամրապնդելու ու այն մեր հաջորդներին փոխանցելու համար, որպեսզի գալիք սերունդը նույնպես ինքնուրույն որոշի իր համար օգտակարն ու այդ առումով ընդլայնի իր անկախության սահմանները։
Ուրեմն՝ ի գործ՝ մեր գիտակցված ընդհանրական շահերով առաջնորդվելով, մեր ընդհանրական շահերը գործի հիմքում դնելով ու մեր ընդհանրական շահերին նվիրված:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության Անկախության օրը երկրի հանդեպ յուրաքանչյուրիս պատասխանատվության և սեփականության հավաստագիրն է: Սակայն այդ հավաստագիրը պահանջում է, որ յուրաքանչյուր վայրկյան ապացուցենք, որ արժանի ենք դրան։
Թող այս Հայաստանի Հանրապետության Անկախության օրն ուրախությամբ լցնի մեր հոգիներն ու խաղաղություն բերի մեզ, մեր երեխաներին, մեր ընտանիքներին, մեր ժողովրդին:
Շնորհավո՛ր Անկախության տոնը։ Կրկին ու կրկին կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: ԴՈՒԽՈՎ