Միշտ մտածել եմ, իսկ վերջերս համոզմունքս ավելի ամրապնդվեց, որ մի Նժդեհ է պակասում մեր իրականությանը, նրա պես մի հեռատես ազգային գործիչ, մի ազգային գաղափարախոս, ու, թերևս, ամեն ինչ այլ կերպ կլիներ…
Կարդում եմ նրա մտքերը, և ակամա դրանք ասոցացվում են մեր իրականության խնդիրների հետ` սկսած միջին վիճակագրական հայի հոգեկերտվածքի փոփոխությանը առնչվող ռազմահայրենասիրական, դաստիարակչական խնդիրներից մինչև ազգային անվտանգության և ազգապահպանման խնդիրները: Ահա դրանցից մի քանիսը.
Կյանքի խորհուրդը կայանում է հոգևոր, այլ ոչ թե նյութական շինարարության մեջ:
Երբ ժողովրդի մեջ ցեղը չի շնչում, նա ծալում է արծվի իր թևերը:
Ավելի լավ է հայ մարդը համր լինի, քան` օտարախոս:
Փառք ես փնտրում՝ վտանգ փնտրիր. հերոսական ոչինչ չկա այնտեղ, ուր շնագայլն ու աղվեսն են կռվում:
Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն:
Իմ հայրենիքը մարդկայնորեն այն լավագույնն է, որը կա Հայաստանում:
Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից:
Թագ ու ձևական իշխանություն փնտրում են այն ոչնչությունները միայն, որոնք անթագ իշխել, թագավորել չգիտեն:
Աշխատիր, որ փառքդ ստվերիդ պես ընթանա քո հետևից, բայց երբեք ոչ՝ առջևից:
Եղի՛ր բացարձակ... Եվ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել...
Շարունակելի…
Կցանկանայի, որ մեջբերեինք մեծ ՀԱՅՈՐԴՈՒ այս և մյուս մտքերը և փորձեինք մեկնաբանել մեր իրականության ցավագին խնդիրների և մարտահրավերների համատեքստում: Եվ ընդհանրապես, պետք է ցեղակրոն գաղափարախոսությունը կրկին բարձրացնել ազգային գաղափարախոսության մակարդակի:
Կարծում եմ` հետաքրքիր կլինի: Մի քիչ կսպասեմ, ապա ինքս որոշները կմեկնաբանեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել