Կառավարության անցած նիստում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀԾԿՀ-ին, Էներգետիկայի, Սոցապ նախարարներին համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին, որը մասնավորապես պետք է նախատեսի սոցիալապես անապահովների համար սակագների մաքսիմալ նվազեցում, բիզնեսի՝ հատկապես վերամշակող ճյուղերի համար սակագների վերանայում:
Վարչապետի հանձնարականը լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում դարձավ լուրջ քննարկումների առարկա: Պարզ է` սպառողները մեծապես շահարգրգռված են սակագների իջեցման հարցով, սակայն հարց է, թե ինչ ճանապարհով և ժամկետներում պետք է իրականացվի սակագների փոփոխությունը: Դատելով վարչապետի հայտարարությունից` կարելի է կարծել, որ ներդրվելու են տարբերակված սակագներ` սպառողների որոշ խմբերի դեպքում սակագները կարող են բարձրանալ, իսկ մյուսների համար` իջնել:
Ենթադրվում է, որ սակագների վերանայման հարցում օգտագործվելու են նաև այլ հնարավորություններ, որոնք պայմաններ կստեղծեն, ինչու չէ նաև ներմուծվող էներգակիրների՝ մասնավորապես գազի սակագների նվազեցմանը հասնելու համար: Բանն այն է, որ ներկայումս էներգակիրների համաշխարհային գները շարունակում են մնալ ցածր մակարդակում, ինչը մեծ հնարավորություն է ընձեռում բանակցություններ սկսելու ռուսական կողմի հետ գազի գնի նվազեցման շուրջ:
Եթե հաջողվի հասնել ներմուծվող գազի սակագների նվազեցմանը, ապա դա կհանգեցնի ոչ միայն ներքին շուկայում գազի սակագների իջեցմանը, այլև նպաստավոր պայմաններ կստեղծվեն էլէներգիայի սակագնի իջեցման համար՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում գործող ջէկերը գործում են ՌԴ-ից ներմուծվող գազի հաշվին: