Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրեց «Հայրենիքի համար» (ֆոտո)Փետրվար 18, 2013 | 11:59 

Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` փետրվարի 18-ի առավոտյան իր քաղաքացիական պարտքը կատարեց Նորքում գտնվող 10/06 ընտրատեղամասում, որը տեղակայված է թիվ 157 դպրոցի շենքում:

Հովհաննիսյանը տեղամաս ժամանեց ոտքով` ճանապարհին բարեւելով անցորդներին: Նա տեղամաս էր ժամանել միայնակ, թեեւ տեղամասում նրան սպասում էին լրագրողներն ու «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստները: Տեղամասում ընդդիմադիր թեկնածուն վերցրեց քվեաթերթիկը, լրացրեց եւ մոտեցավ քվեատուփին: «Հայրենիքի համար»,- ասաց Հովհաննիսյանը` թերթիկը նետելով քվեատուփի մեջ:

Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե ինչո՞ւ է նա մենակ` առանց ընտանիքի եկել ընտրատեղամաս, Հովհաննիսյանը պատասխանեց, թե ընտանիքը Հայաստանում է, եւ շուտով բոլորը կհամոզվեն դրանում: Թեկնածուն նաեւ պատրաստվում է օրն անցկացնել ընտանիքի հետ, թեպետ մեկ-երկու անգամ կայցելի նախընտրական շտաբ: Նա նշեց, թե պատրաստվում է վաղը` փետրվարի 19-ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք հանրահավաքին:

Նշենք, որ թիվ 10/06 ընտրատեղամասում այդ պահի դրությամբ արդեն քվեարկել էր 200 ընտրողից փոքր-ինչ ավելի մարդ: Հանձնաժողովի անդամներից մեկը նշեց, որ ընտրողների հոսքը միջին է:

Նյութի աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել