Panorama.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին հուլիսի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ։ Այդ մասին տեղեկացնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Արամ Գրիգորյանից հաղորդում է ստացվել առ այն, որ հուլիսի 16-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին` Զվարթնոց թաղամասի գերեզմանատան հատվածում, «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահից ատրճանակով կրակել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվել են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և նրա եղբայր Արման Գրիգորյանը, ապա դիմել փախուստի: Ըստ հաղորդման՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահում, որտեղից արձակվել են կրակոցները, գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը։
Դիմումատուն նաև հայտնել է, որ հետապնդել են «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենային, որին միացել է նաև Ա.Գրիգորյանի վարած «Տոյոտա քեմրի» մակնիշի ավտոմեքենան, հարվածել «Վազ 21-06» ավտոմեքենային, կանգնեցրել, սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ վերցրել են ատրճանակը, որով կրակոց է արձակվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։
Նկատի ունենալով, որ քաղաքացու ներկայացրած հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում Էջմիածին քաղաքի Կամո փողոցի վերջնամասում` Կամո-Մաշտոց փողոցների խաչմերուկի հարևանությամբ, հայտնաբերվել են բախման հետևանքով տարբեր հատվածներում վնասված թվով 3 ավտոմեքենա։
Զննությամբ կրակոցի արգասիքներ հայտնաբերելու նպատակով ավտոմեքենաների սրահների տարբեր հատվածներից բինտե խծուծներով վերցվել են քսուքներ, որոնք առանձին փաթեթավորվել են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



