Այսօր տեղի ունեցավ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զինվորական շքերթի փորձը: Ոստիկանությունը նախապես տեղեկացրել էր որոշ փողոցներ փակելու անհրաժեշտության մասին՝ նշելով շրջանցիկ ճանապարհները: Թվում էր՝ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով պիտի վերաբերվեին ժամանակավոր դժվարություններին: Սակայն փորձը դեռ չավարտված՝ համացանցում գրառումներ հայտնվեցին, որոնց հեղինակները դժգոհում են շքերթից, ճանապարհային ոստիկանությունից և նույնիսկ… Անկախությունից: Գլխավոր թիրախն, իհարկե, ոստիկանությունն է, հարցադրումը՝ այս ի՜նչ է կատարվում քաղաքում, ո՞ւր են նայում ճանապարհային ոստիկանները, ինչո՞ւ չեն կարգավորում երթևեկությունը… Պատասխանեմ․ ճանապարհային ոստիկանությունը ոչ միայն կարգավորում է երթևեկությունը, այլև նախապես մշակած ծրագրով ուղորդում է տրանսպորտային միջոցների հոսքը՝ առավելագույնս ձգտելով քաղաքի կենտրոնը զերծ պահել մեքենաների կուտակումներից , ավելին՝ ուղեկցում է զինվորական շարասյուների ու զինտեխնիկայի տեղաշարժը, համապատասխան տարածքներում կարգավորում է հետիոտնի երթևեկը, հանրությանը պարզաբանում է երթևեկության հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները: Նկատի է առնվել նույնիսկ, որ կարող է օժանդակության կարիք լինել, և մայրաքաղաքի ճանապարհային ոստիկաններին օգնելու են եկել մարզերի՝ նրանց շուրջ 150 գործընկերները: Ակնկալվում էր նաև մեր համաքաղաքացիների ըմբռնումն ու օժանդակությունը: Եվ ակնկալիքը հիմնականում կատարվեց՝ բացառությամբ ֆեյսբուքյան դժգոհների վերոհիշյալ խմբի, որոնք տրտնջալու առիթ են փնտրում և, ահա, երթևեկության ժամանակավոր դժվարությունների «շնորհիվ» ոստիկանությանը թիրախավորելու հնարավորություն ստացան… Թվում էր՝ այլ վերաբերմունք պիտի լիներ, թվում էր՝ կարելի է երկու ժամ համբերել, հոբելյարի տրամադրությամբ տեսնել իրողությունները, բայց… Ցավալի է: 25 տարին պետք է որ բավարար ժամանակ լիներ կարևորն անկարևորից տարբերելու, երկրի տոնին ու նաև հոգսին տեր լինելու, գոնե Անկախությունն ու Պետականությունը խցանումներին չհավասարեցնելու համար… Նշեմ, սակայն, որ սպառողական և այսպահային մտածողություն ունեցողները հանրության չնչին մասն են կազմում և չեն կարող սին տրտունջներով մթագնել մեր իսկական քաղաքացիների ու մեր երկրի տոնը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: