Սլովակիայի հարավարևմտյան Դունայսկա-Սթրեդա քաղաքից ոչ հեռու երկաթուղային անցումում չեխական RegioJet ընկերության ուղևորատար գնացքը բախվել է բեռնատարին: Վթարի հետևանքով տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել գնացքի բոլոր 35 ուղևորները, նաև բեռնատարի երկու ուղևորները: Այս մասին հայտնում է բրատիսլավյան SME թերթի կայքը:
Բժիշկների տեղեկությամբ՝ վթարի հետևանքով գնացքի որոշ ուղևորներ ստացել են ուղեղի ցնցում և վերջույթների կոտրվածքներ: Շատ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել գնացքի մեքենավարը, որը մեծաթիվ վնասվածքներ է ստացել:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության 4 մեքենա և Սլովակիայի բուժծառայության 2 ուղղաթիռ՝ լրագրողներին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Մարիա Լինկեշովան:
Նրա խոսքով՝ դարձյալ չեխական ընկերություններից մեկին պատկանող բեռնատարի վարորդի ստուգումը չի հաստատել նրա արյան մեջ ալկոհոլի կամ թմրանյութերի առկայություն: Անցումը հագեցած է անհրաժեշտ լուսային և ձայնային ազդանշանային համակարգով:
Չեխիայի և Սլովակիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը այդ շրջանում ժամանակավորապես դադարեցվել է: