
Խորհրդային տարիների ամենամեծ և հիշարժան բրենդը, որ դրոշմվել է այդ տարիներին ապրող յուրաքանչյուր մարդու հիշողության մեջ, Լենինն է:
Հայերը Լենին չսիրելու հիմնավոր պատճառներ ունեն: Հենց Լենին անվան հետ են կապված մեր կենսական խնդիրները, որոնք մինչև այսօր Հայաստանի համար լուծված չեն՝ Ղարաբաղը, Նախիջևանը, Կարսը... Ինչո՞ւ կնքեց Լենինը Կարսի պայմանագիրը՝ դժվար է ասել, թեև լրագրողները բացահայտել են խոսուն մեկ փաստ: Մինչև հիմա Լենինի տանը, որ վաղուց դարձել է թանգարան, փակցված է Մեծ Հայաստանի քարտեզը: Լենինը փոխեց ոչ միայն մեր սահմանները, այլ համաշխարհային պատմության հունը:
Հենց նրա գալով, աշխարհի քաղաքական քարտեզի հսկայական մասը կարմրեց, որի մեջ էր նաև Հայաստանը: Որքան շռնդալից էր մուտքը, նույնքան համակերպված էր հեռացումը, բայց դրա մասին մեկ ուրիշ անգամ:
Նման պարագայում ասել, թե ինչու է Չարենցը գրել Լենինի մասին, մի քիչ սխալ կլիներ (թեև կարող էր նաև չգրել): Չէ՞ որ նրան համարում էին 20-րդ դարի Ալեքսանդր Մակեդոնացի՝ հեղափոխական Նապոլեոն, որ եկել էր աշխարհը գրավելու՝ նոր դասակարգ ստեղծելու առաքելությամբ: Այլ բան է, թե ինչու է գովերգել Լենինին:
Պետք է նշել, որ ինչպես Հոկտեմբերի բոլոր երգիչների, այնպես էլ Չարենցի համար «հեղափոխություն» գաղափարը և «Լենին» անունը համանիշ հասկացություններ են:
Չարենցը առաջիններից մեկն էր, որ Լենինի մահվան լուրը վերածեց Լենինի մեծության ու նրա գադափարների փառաբանության:
«Գիտե՞ք, թե աշխարքի արգանդից
Ինչքան հանճարեղ մարդիկ,
Ինչքա՜ն, ինչքա՜ն Կրոմվել,
Կամ հնդիկ Գանդի–
Անթիվ
Եղել են,
Կան դեռ
Ու կգան,
Այնինչ Իլյիչը – մեկ է,
Ուրիշ Իլյիչ – դժվար թե,
Ուրիշ Իլյիչ – չկա՜:»
Մենք դեռ կգանք.
Մեր բանակը կանցնի դեռ ձեր
աշխարհքով:
Դեռ կգա Իլյիչը,
Որ մտնի համաշխարհային
Սովնարկոմ:
Իմ դահիճն ինձ վաղուց էր
կերել,
Եվ դարձել էր արդեն իմ անունը
Ոտնակոխ արված մի տերև...
Լենինը, որպես ինքնին հերոս, ինչպես բոլոր հերոսները, նա փառաբանվեց Չարենցի կողմից, որը դարձավ ոչ միայն փառաբանության նյութ, այլև բանաստեղծության հավատամք:
Դու նկատե՞լ ես, որ շատ անգամ
Մի հնչյուն, մի հանգ, մի
մելոդի,
Անգամ մի ասոնանս, անգամ մի
հանգ-
Երգդ փոխում է հանկարծ
անկամ կարոտի:
Կան դավաճան շեշտեր, կան
ռիթմեր, կան բառեր:
Երբ քաշում է դակտիլը–
ըմբոստացիր:–
Պոե՞տ ես – դու այսօր պիտի
մաքառես–
Եվ չի օգնի այստեղ քեզ
գնդացիրը:
Չի օգնի սվինը: –Հինը հաճախ
Հանճարեղ անցքեր է ճարում,–
Եվ չկոտրես եթե այդ ռիթմը
դավաճան–
Քեզ չի օգնի Լենինը – այս
լենինյան դարում...
Լենին, այո Լենին: -Բայց ոչ
միտինգային,
Բայց ոչ թմբուկ թեթև, բայց ոչ
պլակատ...
Այս գիտակցությամբ էլ գրվեցին «Բալլադ Վլադիմիր Իլյիչի, մուժիկի և մի զույգ կոշիկի մասին», «Լենին քեռին», «Լենինն ու Ալին» բալլադները:



