Իսպանական Տորդեսիլյաս քաղաքում ցուլի մասնակցությամբ տոնակատարությունը երեքշաբթի անցել է բողոքի ակցիաների և կենդանիների պաշտպանների ու ավանդույթների պահպանման կողմնակիցների բախումների ֆոնի վրա, հայտնում է El Pais-ը:
Տորո դե լա Վեգան հնագույն սովորույթ է, որը պահպանվել է Միջնադարից՝ 1453 թվականից: Ծեսը ներկայացնում է 2 հակազդող ուժեր՝ մարդուն և ցլին: Կենդանին վազում է ողջ քաղաքի միջով՝ քշվելով մարդկային ամբոխից դեպի դաշտը: Այնտեղ նրան սպանում են նիզակներով և քարերով զինված մարդիկ:
Հակամարտող կողմերը բղավել են միմյանց վրա և վիրավորել, ինչը երբեմն ուղեկցվել է բախումներով: Կենդանիների 2 պաշտպան վիրավորվել է: Բանը հասել է նրան, որ ավանդույթի պաշտպանները իրենց հակառակորդների վրա կենդանի մկներով փաթեթներ են նետել: Մի տեղում իրավապահ ուժերը օգտագործել են պղպեղի սփրեյ: