Ժամանակին բավականին շատ խոսվեց այն մասին, որ Հանրային Հեռուստաընկերությանը պետական ֆինանսավորում տրամադրելը, այն էլ՝ տարեկան 20 միլիոն դոլարի չափով, անթույլատրելի շռայլություն է Հայաստանի պես աղքատ երկրի համար։ Բերվում էին փաստարկներ, հնչում էին հակափաստարկներ ու, ի վերջո, նման շռայլությունն արդարացվեց նրանով, որ փոխարենը Հ1-ը էլ չի ունենա կոմերցիոն գովազդներ, և դա ամրագրվեց օրենքով։ Օքեյ, բարի, եթե այդպես լիներ։
Սակայն արի ու տես, որ փաստորեն օրենքը Հ1-ի համար չի գործում։ Այո՛, կա վերապահում, որ առանձին դեպքերում, երբ, ասենք, աշխարհի չեմպիոնատներ ես լուսաբանում, և կա միջազգային հեռարձակողի պահանջ, Հ1-ը կարող է տեղադրել այդ միջոցառման հովանավորների գովազդները, բայց դա, իրոք, վերաբերում է բացառիկ դեպքերին։ Ես որքան գիտեմ ու որքանով տեղյակ եմ օրենքից, օրինակ՝ «Պատրաստենք Միասին» հաղորդումը ոչ մի առումով նման ռազմավարական նշանակություն չունի, որքան, ասենք, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կամ էլ Օլիմպիադան, բայց արի ու տես, որ մարդիկ բացահայտ գովազդ են անում։ Ու գովազդ ասելով՝ նկատի չունեմ ինչ-որ մանր-մունր փլեյսմենթներ (կադրում երևացող բրենդներ)։ Հաղորդման սկսվելուց առաջ տեսնում ենք հալալ-զուլալ գովազդային հոլովակ՝ հաղորդման գործընկեր «Վեգայի» մասին։
Բա եղա՞վ։ Հարգելի՛ Հանրային Հեռուսաընկերություն ու «գործընկեր» Վեգա, դուք նենգաբար օրենք եք խախտում։ Չի կարելի հա՛մ պետական սուբսիդավորման վրա նստել, հա՛մ էլ կոմերցիոն գովազդային գործունեություն ծավալել։ Եթե այդքան շուստրի եք, ապա հրաժարվե՛ք պետության կողմից հատկացվող 20 միլիոն դոլարից ու փորձեք Ձեր ծախսերը հոգալ արդար մրցակցության պայմաններում, իսկ այդ 20 միլիոն դոլարը ծախսելու այնքա՜ն ավելի կարևոր ծակուծուկեր կան, որ թող ու փախի։
Տեղով բոլոր պատեհ ու անպատեհ առիթով հիշվում է այն մասին, որ տարբեր պետական գերատեսչությունների բյուջեների կրճատման հաշվին հնարավոր կլիներ ավելի շատ զենք առնել։ Եթե այդպես-այդպես, ուրեմն ասեմ, իմանաք․ այդ 20 միլիոն դոլարով կարելի է մոտ 20 չարաբաստիկ Տ-90 տանկ գնել ու անել դա ամեն տարի։ Բայց չի գնվում ու այդ գումարը տրամադրվում է Հ1-ին ու տրամադրվում է նաև նրա համար, որ Հ1-ն ու իրենց «գործընկերները» նման մանր ժուլիկություններով չզբաղվեն ու գովազդազուրկ եթեր ապահովեն հեռուստադիտողներին։