Հենրիխ Մխիթարյանը հիասթափեցրել է ՄոուրինյոյինAysor.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ այն ֆուտբոլիստները, ովքեր Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1:2) չեն արդարացրել իր սպասելիքները, չեն մասնակցելու Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Ֆեյենորդի» դեմ հանդիպմանը։

Պորտուգալացի մասնագետին հիասթափեցնողների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Եկեք այսպես խոսենք։ Օրինակ՝ Մխիթարյանը քանի՞ մեծ հանդիպման է մասնակցել։ Փոքր Ջեսսին քանի՞ խաղի է մասնակցել։ Ինձ համար մեկնարկային կազմ ընտրելու հարցում վճռորոշ է ֆուտբոլիստների ցուցադրած խաղը։ Ինչպե՞ս կարող եմ որոշում կայացնել՝ չհիմնվելով նրանց խաղի վրա։ Սա կազմ ընտրելու միակ տարբերակն է։

Այնպես որ՝ եթե դուք ինձ հարցնում եք՝ շաբաթ օրը հիասթափեցրած ֆուտբոլիստները մասնակցելո՞ւ են «Ֆեյենորդի» հետ խաղին, ես պատասխանում եմ՝ ոչ։ Սա պատիժ չէ։ Պարզապես միջոց է տեսնելու իմ տրամադրության տակ եղած մյուս ֆուտբոլիստների խաղը»,-հայտարարել է Մոուրինյոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել