Անկեղծ եմ ասում, էս վերջերս մի արտասովոր հետաքրքրություն է առաջացել AliExpress-ի նկատմամբ:
Իրականում հարցը AliExpress-ի կողմից տրամադրվող էժան ու հարմար ծառայությունները չեն: Ամբողջ հետաքրքրությունը կայքի «ստիպողական» քաղաքականությունն է, որը, մեղմ ասած, մեզ՝ սպառողներիս նույնպես չափազանց ձեռնտու է:
Խոսքը մասնավորապես նրա մասին է, որ AliExpress-ն իր սպառողներին ուղորդում է, որպեսզի գնումներն անեն մոբայլ տարբերակով և իր հավելվածով: Դրա դիմաց օնլայն խանութը զեղչում է ապրանքների գները: Մի կրակոցով երկու նապաստակ: Մի կողմից, որոշակի գնային քաղաքականություն կիրառելով, ներբեռնումների թիվը մեծացնում է նաև Play Market-ում ու Apple Store-ում, մյուս կողմից էլ սպառողներին «սովորեցնում հավելվածի տեղը»: Ինքս միշտ եղել եմ այն կարծիքին, որ սմարթֆոնները գրավում են համակարգիչների երակարամյա իշխանությունը: Եվ իմ կարծիքով՝ հենց այս համաշխարհային թրենդին է հետևում AliExpress-ը, բայց շատերից ավելի խորամանկ տակտիկայով: Չնայած այս մարտավարությունը դժվար թե AliExpress-ի մարքեթինգի բաժնում հորինած լինեն, այնուամենայնիվ, շատ կազմակերպություններ մեծ գումարներ են ներդնում հավելվածների մեջ, բայց իրենց սպառողները շարունակում են օգտվել դասական դարձած տարբերակներով, այսինքն՝ կատարվող ծախսերը, մեղմ ասած, անիմաստ են լինում: Ինչևէ... Ի՞նչ ազդեցություն է ունեցել այս ամենը Հայաստանում:
Հետաքրքիր էր, թե, սրանից կախված, կփոփոխվի արդյոք Play Market-ում և Apple Store-ում Հայաստանից ներբեռնվող հավելվածների թոփը:
Եվ ինչպես որ կանխատեսվում էի, փոփոխության ենթարկվել է: Similarweb-ի տվյալներով՝ թե՛ Play Market-ում և թե՛ Apple Store-ում վերջին ամսում Հայաստանից գլխավորում է AliExpress Shopping App-ը: «Ամենաթրենդային» հավելվածը հիմա AliExpress-ն է Հայաստանում:
Ես հաջողություն եմ մաղթում բոլոր հայ online shopper-ներին, բայց վստահ եմ նաև, որ x ժամանակ հետո, երբ շատերը կսովորեն հավելվածին, ամենից շատ գնումներն ու մուտքերը կլինեն մոբայլ տարբերակով, այդ ժամանակ կայքն աննկատ կերպով կհանի բոնուսային զեղչերը: Այստեղ մենք ականատես ենք լինում մի բանի, երբ կազմակերպությունն իր սպառողին ուղղակիորեն տեղափոխում է մոբայլ տիրույթ՝ զարգացնելով մյուս գործիքները, այս դեպքում հավելվածը: