Հարցին, որ ցանկանում եմ անդրադառնալ, շատերին կարող է մանրուք թվալ, բայց ես կարծում եմ, որ գործի նկատմամբ վերաբերմունքի հարցում մանրուքներ չկան. կամ պատասխանատու ես, կամ ոչ, կամ քո տեղում ես, կամ ոչ…
Ախր այս փողոցով ամեն օր նախագահն ու նրա աշխատակազմն է աշխատանքի գնում-գալիս, ԱԺ պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակիցները, էլ չեմ խոսում, թե որքան արտասահմանյան պատվիրակություններ ու զբոսաշրջիկներ: Նրանք ի՞նչ կարծիք պետք է կազմեն մեր մասին, եթե այս փողոցում է վիճակն այսպիսին, ապա աչքից հեռու ուրիշ վայրերում ինչե՞ր են կատարվում: 
Ըստ քաղաքապետարանի՝ փողոցն անգլերեն կոչվում է Demirchian, իսկ ըստ Վիվասելի՝ Demirchyan: Չեմ ցանկանում իմ նախապատվությունը կարևորել և նշել, որ իմ կարծիքով հայկական ազգանունները վերջում պետք է գրվեն y-ով, ոչ թե i-ով, իսկ սփյուռքահայերի ազգանունների դեպքում հավանաբար կլինի i: Բայց այստեղ զավեշտն այն է, որ նույն փողոցի համար տեղադրված է երկու ցուցանակ՝ երկու տարբեր գրառումներով: Եթե ավելի ուշ տեղադրվածն է ճիշտ, ապա ինչո՞ւ չի հանվել կամ փոխվել նախորդը: Մի՞թե ցանկացած անձ կարող է տեղադրել սրտի ուզած ցուցանակը՝ առանց համաձայնեցնելու պատկան մարմինների հետ, այսինքն՝ ինչպես ասում են՝ «Փողին մուննաթ» ռեժիմով, կարող է անգամ իր տատիկի անունով ցուցանակ գրել ու տեղադրել որտեղ ցանկանա:
Քանի որ կոնկրետ հասցեատիրոջը չգիտեմ, ուղղակի ասեմ ընդունված կարգով. «Չե՞ք տեսնում, որ սիրուն չի, փոխեք»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել