168.am-ը գրում է.

Թուրքիայի հարավ-արևելքում զինված բախումներ են տեղի ունենում այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հայտարարեցին գերազանցապես քրդաբնակ շրջաններում օրենքով ընտրված 28 քաղաքների քաղաքապետերին պաշտոնից հեռացնելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վերջիններս պաշտոնից ազատվել են երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում, որը սահմանվել է երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով:

Օրենքով ընտրված քաղաքապետերի փոխարեն նշանակվում են Թուրքիայի կառավարության վստահված անձինք:

Տեղի անկախ ԶԼՄ-ները հայտնում են, որ Սուրուչ քաղաքում մոտ 200 ցուցարարների ցույցը ցրվել է արցունքաբեր գազի ու ջրցան մեքենաների օգնությամբ:

Հաքքարի նահանգում բախումների ժամանակ ձերբակալվել է 4 մարդ, ներառյալ` քաղաքապետի տեղակալը:

Իշխանությունները պաշտոնից հեռացված քաղաքապետերին կասկածում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության և Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեջ:

Քրդամետ «Ժողովրդական դեմոկրատիա» կուսակցությունը դատապարտել է Թուրքիայի կառավարության գործողությունները` դրանք անվանելով «պետական հեղաշրջում՞ վստահված անձանց միջոցով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել