Ես միշտ մտածում էի, որ այդ կինը՝ մայրս, իմ թշնամին է։ Ինչ էլ որ անեի, նա անվերապահորեն սխալ էր հասկանում, և եկավ մի պահ, երբ սկսեցի մտածել, որ նա ոչ միայն չի հասկանում, այլև չի հանդուրժում ինձ։ Ես միակ երեխան էի, բայց նրա կողքին չափազանց շատ էի։
Նա ասում էր. «Ինձնից հեռու ինչ ուզում ես արա։ Հորդ փոքր տեսակն ես, ինձնից ոչինչ չկա մեջդ»։
Իմ և մորս միջև իրական խզումը տեղի ունեցավ ոչ թե Միգել փողոցում, այլ գյուղում։
Մայրս որոշել էր բաժանվել հորիցս և ուզում էր, որ ես էլ հետը գնայի իր մոր տուն։
Ես մերժեցի։
Հայրս հիվանդ էր, անկողին էր ընկել։ Եվ բացի այդ, նա խոստացել էր մի ամբողջ տուփ գունավոր կավիճներ նվիրել, եթե հետը մնայի։
Նախընտրեցի կավիճներն ու հորս։
Այդ ժամանակ մենք Կանուպիայում էինք ապրում, հայրս շաքարի կալվածատան կառապանն էր։ Ոչ թե ստրուկների, այլ ազատ մարդկանց էր տեղափոխում, բայց իրեն այնպես էր պահում, ասես բոլորը ստրուկ լինեին։ Իր հսկա, անճոռնի, շագանակագույն ձիով հայտնվում էր կալվածքում, գործավորների վրա ճայթեցնում էր մտրակը, և ասում են (մինչև օրս էլ դժվարանում եմ հավատալ), որ ծեծում էր նրանց։
Չեմ հավատում, որովհետև հայրս ողջ կյանքում ապրելու էր Կանուպիայում և լավ գիտեր, որ իրականում կանապիացիներին հնարավոր չէ ճնշել։ Նենգ ժողովուրդ չեն, բայց սպանելը նրանց համար ոչինչ է. կարող են տարիներով սպասել՝ իրենց չսիրած մարդուն սպանելու համար։ Կանուպիան և Թեյբլլենդը Տրինիդադի երկու մասերն են, այստեղ հանցագործություններ բավական հաճախ են կատարվում՝ տեղական ոստիկանների համար ապահովելով արագ առաջխաղացում:
Սկզբում բարաքներում էինք ապրում, հետո հայրս ուզեց, որ տեղափոխվենք մոտակայքում գտնվող փայտե փոքրիկ տնակը։
Մայրս ասաց. «Է՛յ, հերոս ձևացող, գնա և ինքդ ապրիր քո տանը, լսու՞մ ես»։
Անշուշտ նա վախենում էր, բայց հայրս պնդում էր, և մենք տեղափոխվեցինք։ Այդ ժամանակ էլ սկսվեցին իսկական փորձանքները։
Մի օր, կեսօրին, մի մարդ եկավ ու մորս հարցրեց. «Ու՞ր է ամուսինդ»։
Մայրս ասաց. «Չգիտեմ»։
Տղամարդը մոլոշի չոփով ատամներն էր մաքրում։ Թքեց ու ասաց. «Ոչինչ, ես ժամանակ ունեմ, կսպասեմ»։
Մայրս ասաց. «Ոչ մի բան էլ չես անի։ Ես գիտեմ, թե մտքումդ ինչ կա, բայց ուր որ է՝ քույրս այստեղ է գալու»։
Տղամարդը ծիծաղեց ու ասաց. «Ես ոչինչ էլ չեմ անում։ Պարզապես ուզում եմ ճշտել, թե երբ է գալու ամուսինդ»։
Ես սարսափից սկսեցի լաց լինել։
Տղամարդը ծիծաղում էր։
Մայրս ասաց. «Անմիջապես ձայնդ կտրիր, թե չէ հիմա իսկապես լաց կլինես»։
Ես գնացի մյուս սենյակ, արագ-արագ քայլում էի ու ասում. «Ռամա, Ռամա, Սիթհա, Ռամա»։ Հայրս էր սովորեցրել, որ դժվարության պահերին այս խոսքերն ասեի։ Պատուհանից դուրս նայեցի։ Կեսօրվա պայծառ լույս էր ու շոգ, և ծառերի ու թփերի այդ հսկա աշխարհում ոչ մեկը չէր երևում։ Հետո տեսա մորաքրոջս, որ փողոցով վեր էր բարձրանում։ Ներս մտավ ու ասաց. «Այստեղ ինչ-որ բան է կատարվել։ Սուսուփուս նստած էի տանը ու հանկարծ ինչ-որ վատ բանի զգացում ունեցա։ Զգացի, որ պիտի գամ, տեսնեմ ինչ է պատահել»։ Տղամարդն ասաց. «Այո. ինձ ծանոթ է այդ զգացումը»։ Մայրս, որ ամբողջ ժամանակ իրեն պինդ էր պահում, սկսեց լաց լինել։
Բայց այս ամենն ընդամենը մեզ վախեցնելու համար էր, և, անշուշտ, մենք վախեցել էինք։ Սրանից հետո հայրս հրացանը շարունակ մոտն էր պահում, իսկ մայրս ձեռքի տակ միշտ սուր դանակ ուներ։
Հետո գիշերներն սկսեցին ձայներ լսվել, մեկ-մեկ էլ՝ տան ետևի թփուտներից։ Դրանք մարդկանց ձայներ էին. որ կորցրել էին իրենց ճանապարհն ու լույս էին վւնտրում։ Մարդիկ էին, որոնք եկել էին հորս ասելու, որ քույրը Դերում հանկարծամահ է եղել, մարդիկ, որ ուղղակի եկել էին հորս ասելու, որ շաքարի կոմբինատում մեծ հրդեհ է բռնկվել։ Երբեմն միաժամանակ երկու-երեք ձայն էր գափս՝ տարբեր ուղղություններից, և մենք արթուն նստում էինք մութ սենյա¬կում ու սպասում, պարզապես սպասում, թե երբ են լռելու ձայները։ եվ երբ դրանք լռում էին, էլ ավելի սարսափելի էր դառնում։
Հայրս միշտ ասում էր. «Նրանք դեռ այնտեղ են։ Ուզում են, որ դուրս գանք, նայենք»։
Եվ ժամը չորսին կամ հինգին, երբ արդեն սկսվում էր նշմարվել վաղորդայնի լույսը, թփուտներից ոտնաձայն էր գալիս, հեռացող ոտքերի ձայն։
Մութն ընկնելուն պես դռները կողպում էինք ու սպասում։ Երբեմն օրերով ոչինչ չէր լինում, հետո նորից էր սկսվում։
Մի օր հայրս շուն բերեց տուն։ Նրան Տարզան անվանեցինք։ Ավելի շատ զվարճացնող էր, քան՝ պահապան, խոշոր, շագանակագույն բրդոտ շուն էր, ու ես նստում էի նրա մեջքին։ Երբ մթնում էր, ասում էի. «Տարզա՛ն, ներս արի»։ Բայց չէր գալիս։ Մնում էր դրսում, կաղկանձում ու թաթերով ճանկռում դուռը։
Տարզանը երկար չապրեց։ Մի առավոտ նրան գտանք քառատած ու տան շեմքին գցած։
Այդ գիշեր մենք ոչ մի ձայն չէինք լսել։
Մայս սկսեց կռվել հորս հետ, բայց նա իրեն այնպես էր պահում, կարծես իրոք պետքն էլ չէր, թե ինչ է կատարվել իր կամ մեզանից յուրաքանչյուրի հետ։
Մայրս ասում էր. «Է՛յ, դու, հերոս ձևացող, լսու՞մ ես, հերոսությունդ մեզ չի փրկի։ Արի հեռանանք այստեղից»։
Հայրս սկսեց տան պատերին Գիտայից ու Ավետարանից հուսադրող մտքեր փակցնել, երբեմն էլ ուղղակի իր հորինած մտքերն էր փակցնում։ Գնալով անզուսպ էր դառնում և հատկապես մորս նկատմամբ, և եկավ մի ժամանակ, երբ հենց մայրս սենյակ էր մտնում, բղավում էր ու առարկաներ շպրտում վրան։
Մայրս գնաց մոր տուն, իսկ ես մնացի հորս հետ։
Սկսվեց այսպես։
- Տղաս, դու գիտե՞ս, թե ով է հայրդ,– հարցրեց նա։
Ես ասացի.
- Դու ես հայրս։
- Մխալվում ես։
- Ինչպե՞ս թե՝ սխալվում եմ։
Հայրս ասաց.
– Ուզու՞մ ես ասեմ, թե իրականում ով է հայրդ։ Աստվածն է հայրդ։
- Այդ դեպքում դու՞ ով ես։
- Ես, ո՞վ եմ ես։ Ես... հիմա կասեմ։ Այսպես ուրեմն, ես երկրորդ հոր պես մի բան եմ, բայց ոչ քո իսկական հայրը։
Այս դասն հետո էր փորձանք դառնալու գլխիս, հատկապես մորս գծով։
Երկրորդ բանը, որ հայրս սովորեցրեց, ծանրության ուժի օրենքն էր։ Մենք նստել էինք մահճակալի եզրին, ու հայրս լուցկու տուփն էր գցում։
- Հիմա, տղաս, ասա ինձ, ինչու՞ է լուցկին ընկնում,– հարցրեց նա։
– Բայց լուցկին պետք է որ ընկնի։ Ի՞նչ է, դու ուզում ես. որ պտտվի՞։
- Չէ՛, ես կասեմ, թե ինչու ընկավ։ Լուցկին ընկավ ծանրության ուժի օրենքով։
Հետո նա մի փորձ ցույց տվեց: Դույլը կիսով ջուր լցրեց ու արագ պտտեցրեց գլխի վրայով։
– Տեսա՞ր, ջուրը չթափվեց։
Բայց թափվել էր։ Հորս վրա ջուր էր թափվել, ու գետինը թաց էր։
- Ոչինչ, պարզապես ջուրը շատ էի լցրել։ Հիմա նայիր։
Երկրորդ անգամ ստացվեց։
Երրորդ բանը, որ հայրս սովորեցրեց, գույների միաձուլումն էր։ Սա ճիշտ իր մահից մի քանի օր առաջ էր։ Նա շատ հիվանդ էր, ամբողջ ժամանակ դողացնում էր ու տնքում։ Նույնիսկ երբ քնած էր, լսում էի, թե ինչպես է հոգոց հանում։
Օրվա մեծ մասը նրա հետ էի, նստում էի կողքին, մահճակալի վրա։
Մի օր ասաց.
- Գունավոր մատիտներ ունե՞ս։
Ես բարձիս տակից բերեցի մատիտները։
– Ուզու՞մ ես կախարդություն տեսնել։
- Ի՞նչ է, դու իսկապե՞ս կախարդել գիտես։
Նա վերցրեց դեղին մատիտն ու մի դեղին քառակուսի լցրեց։
– Ի՞նչ գույն է, տղաս,– հարցրեց ինձ։
- Դեղին,– ասացի ես։
- Հիմա տուր ինձ կապույտ մատիտն ու աչքերդ պինդ-պինդ փակիր։
Երբ աչքերս բացեցի, նա ասաց.
– Տղաս, հիմա ի՞նչ գույնի է այս քառակուսին։
- Չես կատակում, չէ՞,– ասացի ես։
Նա ծիծաղեց ու ցույց տվեց, թե դեղինն ու կապույտը ինչպես են կանաչ դառնում։
- Այսինքն, եթե վերցնեմ տերևը, լվանամ, լվանամ, էլի լվանամ, կդառնա դեղին կամ կապույտ,– ասացի ես։
- Ոչ, գույնի միաձուլողը Աստվածն է։ Աստվածը՝ քո հայրը։
Ժամանակիս մեծ մասը փորձեր հորինելով էի անցկացնում։ Բայց միակ բանը, որ ինձ հաջողվում էր, լուցկու երկու գլխիկ իրար միացնելն ու այրելով կպցնելն էր։ Այն էլ՝ հայրս գիտեր։ Ի վերջո, մի բան հորինեցի, որ նա չգիտեր։ Բայց այդպես էլ չտեսավ, որովհետև այդ գիշեր, երբ որոշել էի ցույց տալ, նա մահացավ։
Այդ օրը շատ շոգ էր, իսկ երեկոյան երկինքը սևացել էր ու կարծես ծանրության տակ իջած լիներ։
Տան ներսում շարունակ մի տեսակ դող էր գալիս վրաս, իսկ հայրս փաթաթված նստել էր ճոճաթոռին։
Ծանր կաթիլներով անձրև սկսվեց՝ կարծես հարյուրավոր բռունցքներ հարվածեին կտուրին։ Ավելի մթնեց, ես վառեցի նավթի լամպը ու չար ուժերին մեր տնից վանելու համար մի գնդասեղ խրեցի պատրույգի մեջ։
Հանկարծ հայրս դադարեցրեց ճոճվելն ու շշնջաց.
– Լսու՞մ ես, լսու՞մ ես, տղաս, նրանք այստեղ են, լսի՛ր։
Երկուսս էլ լուռ էինք և ուշադիր լսում էինք, բայց քամուց ու անձրևից բացի իմ ականջներին ուրիշ ձայն չէր հասնում։
Լուսամուտն ինքն իրեն շրխկոցով բացվեց։ Քամին ներս խուժեց՝ իր հետ ծանր անձրևակաթիլներ բերելով։
- Աստվա՜ծ,– հառաչեց հայրս։
Ես մոտեցա լուսամատին։
Սև, մութ գիշեր էր, և աշխարհը վայրի ու ամայի մի վայր էր, ուր միայն քամի կար ու տերևներին՝ անձրև։
Ինձ համար դժվար էր պատուհանը միանգամից փակելը, և մինչ կհասցնեի փակել, երկինքը ճայթյունով լուսավորվեց: Ծածկեցի լուսամուտն ու սպասում էի կայծակի։ Թվում էր, թե տանիքին շոգեկառք է շարժվում։
Հայրս ասաց.
- Տղաս, չվախենաս, ասա՝ ինչ որ սովորեցրել եմ։
Ես մոտեցա, նստեցի ճոճաթոռի մոտ և սկսեցի կրկնել.
- Ռամա, Ռամա, Սիթհա, Ռամա։
Հայրս միացավ ինձ։ Ցրտից ու վախից դողում էր։ Հանկարծ բղավեց.
- Տղա՛ս, նրանք այստեղ են։ Նրանք այստեղ են։ Ես լսում եմ. տան պատի տակ խոսում են։ Այս աղմուկի մեջ կարող են ամեն ինչ անել, և ոչ ոք չի լսի։
Ես ասացի.
- Չվախենաս, ես սուր դանակ ունեմ, դու էլ հրացան ունես։
Բայց հայրս չէր լսում։
Նա ասաց.
- Բայց մութ է, շատ մութ է, մութ...
Ես վեր կացա, քայլեցի դեպի սեղանը, որ լամպն ավելի մոտ բերեմ։ Հենց այդ պահին շատ մոտ, երևի հենց կտուրի վրա, ճայթեց որոտը։ Այն գալարվում էր ու երկար ժամանակ դղրդում։ Հետո շրխկոցով մյուս պատուհանը բացվեց, և լամպը պայթեց։ Քամին ու անձրևը խուժեցին մութ սենյակ։
Հայրս մի անգամ էլ հառաչեց.
- Աստված իմ, ինչ մութ է։
Ես մոլորվել էի մութ աշխարհում։ Այնքան լաց եղա, մինչև որոտը դադարեց, և տեղատարափը փոխվեց մաղոցի։ Ես լիովին մոռացել էի այն հնարքի մասին, որ հորս համար էի պատրաստել, ձեռքերս օճառում էի ու ափերս այնքան շփում, մինչև օճառը չորանում էր ու անհետանում։
Մի հարցում բոլորը համակարծիք էին։ Ես ու մայրս պիտի հեռանայինք գյուղից։ Իսպանական նավահանգիստն ամենաապահով վայրն էր։ Այնտեղ էլ հորս վրա ծիծաղող շատ կար, և ինձ թվում էր, որ մնացած ողջ կյանքիս ընթացքում պիտի կրեի վախից մեռած հորս ամոթը։ Բայց մեկ ամիս կամ քիչ անց մոռացա հորս ու սկսեցի ինձ վերաբերվել իբրև մի տղայի, որը հայր չունի։
Այդպես շատ բնական էր թվում։
Ըստ էության, երբ տեղափոխվեցինք Իսպանական նավահանգիստ, ու տեսա, որ հոր և որդու միջև բնական հարաբերությունները ոչ այլ ինչ են, քան ծեծողի ու ծեծվողի հարաբերություններ, հասկացա, որ երախտապարտ եմ հորս։
Մայրս մեծ ջանք էր թափում, որ նախ չափս ճանաչեի, հետո՝ մոռանայի այն ամբողջ անհեթեթությունը, որ հայրս էր գլուխս լցրել։ Չգիտեմ, թե նա ինչու հրաժարվեց իր ջանքերից, բայց, ըստ էության, շուտով կորցրեց իմ նկատմամբ հետաքրքրությունն ու ինձ թույլ էր տալիս փողոց գնալ, միայն թե ժամանակ առ ժամանակ գալիս էր ետևիցս, որ ծեծի։
Այնուամենայնիվ, մերթընդմերթ խստությունը բռնում էր։ Մի օր չթողեց, որ տնից դուրս գամ...
- Այսօր ոչ մի դպրոց։ Զզվել եմ կոշիկներիդ քուղերը կապելուց: Հիմա ինքդ պիտի սովորես կապել։
Ինձ չէր թվում, թե նա արդար է։ Համ էլ գյուղում ոչ մեկը կոշիկ չէր հագնում, ու ես սովոր չէի կոշիկների։ Ամբողջ օրը ծեծեց ինձ, ծեծում էր ու ստիպում, որ հանգույց հանգույցի ետևից կապեմ։ Այդպես էլ չսովորեցի կոշիկիս քուղերը կապել։ Տարիներ անց մեծագույն ամոթով էի հիշում, որ չէի կարողանում այդքան պարզագույն մի բան անել, նույնն էր, թե չկարողանայի նարինջ կլպել։
Բայց կոշիկների հետ կապված մի հնար գտա։ Այնպես էի անում, որ մայրս ոտքերիս չափով կոշիկներ չգներ։ Ձևացնում էի, թե սեղմում են, ու մայրս մեկ կամ երկու համար մեծ կոշիկներ էր գնում։ Եվ քանի որ վաճառողն արդեն քուղերը կապած էր լինում, ես այլևս չէի քանդում, ուղղակի սահեցնելով ոտքերս մտցնում ու հանում էի կոշիկներից։ Եվ որպեսզի ոտքիցս դուրս չգային, քթերի մեջ թուղթ էի խցկում։
Եթե մորս լսելու լինեին, կմտածեին, թե ես հրեշ եմ։ Նրա ճանաչած բոլոր տղաներն ինձնից լավն էին ու ավելի խելոք։ Նա մի տղայի էր ճանաչում, որն օգնել էր մորը ներկել իրենց տունը։ Սր ուրիշ տղա կար, որն ինքն էր նորոգում իր կոշիկները։ Մի ուրիշ տղա էլ կար, որ տասներեք տարեկանում ամսական ոչ ավել, ոչ պակաս քսանհինգ դոլար էր ստանում, իսկ ես մատնված էի անբանության ու մորս արյունն էի ծծում։
Այնուամենայնիվ, որքան էլ որ զարմանալի էր, նա երբեմն նաև բարության առկայծումներ էր ունենում։ Օրինակ, մի անգամ, կիրակնօրյա մի առավոտ, երբ ես նրա համար բաժակ էի լվանում, վայր գցեցի ու կոտրեցի։ Մինչ որևէ բան կմտածեի, մայրս արդեն նկատել էր։
- Ինչ է, կոտրեցի՞ր,– ասաց նա։
– Ուղղակի սահեց ձեռքիցս, այնքան ողորկ է որ,– ասացի ես։
- Հիմարություն է ապակե բաժակից խմելը։ Շատ շուտ են կոտրվում,– ասաց մայրս։
Ընդամենը այսքանը։ Ինձ սկսեց անհանգստացնել մորս առողջությունը։
Նա երբեք ինձ համար չէր անհանգստանում։ Նրա կարծիքով, աշխարհում որևէ հիվանդություն չկար, որ չբուժվեր Էպսոմի աղի մի բաժակ գոլ լուծույթով։ Դա մի ինքնախոշտանգում էր, որին ամիսը մեկ անգամ ենթարկվում էի։ Այն ամբողջությամբ փչացնում էր իմ շաբաթ-կիրակին։ Եվ եթե ինչ-որ բան էր պատահում, որ չէր հասկանում, ինձ ուղարկում էր Թրագերթ փողոցի վրա գտնվող բժշկական գրասենյակ։ Դա մի սարսափելի տեղ էր։ Մինչև բժշկի մոտ ընկնելը ժամերով սպասում էի, սպասում, սպասում։ Դեռ բերանդ էլ չբացած, որ ասես. «Բժիշկ, այստեղս...», նա արդեն դեղատոմսը գրած էր լինում։ Եվ նորից պիտի սպասեիր՝ այս անգամ դեղի համար։ Բոլոր բժշկական գրասենյակներում նույն դեղն էր՝ ջուր և մեկ մատնաչափ բարձրության վարդագույն փոշի։
Հեթը բժշկական գրասենյակի մասին սիրում էր ասել. «Պետությունը մեր հավատն է դարմանում»։
Մայրս գտնում էր, որ բժշկական գրասենյակն ինձ համար լավ տեղ է։ Առավոտյան ութին գնում էի և երբ գալիս էի՝ արդեն երկուսն անց էր լինում։ Այդպես ես հսկողության տակ էի մնում, և տարեկան էլ ընդամենը քսանչորս սենթ էինք վճարում։
Բայց թող տպավորություն չստեղծվի, թե ես ամբողջ ժամանակ հրեշտակի պես էի պահում ինձ։ Ոչ։ Ամեն անգամ, երբ որևէ մեկը, և հատկապես մայրս, փորձում էր հրամայել ինձ, մի անտանելի բան էի դառնում։ Ինձ թվում էր, թե ողջ կյանքում վիրավորված կմնամ, եթե կատարեմ որևէ մեկի հրամանը։ Եվ կյանքն իրոք զավեշտական բան է։ Երբեմն ես անտանելի էի դառնում ճիշտ այն ժամանակ, երբ մայրս զարմանալիորեն բարյացակամ էր լինում իմ նկատմամբ։
Դեպքից մեկ օր առաջ Հեթն էր փրկել ինձ նավահանգստում խեղդվելուց։ Իսկ այդ օրն ուսուցչի հանձնարարությամբ «Մի օր ծովափում» վերնագրով շարադրություն էի գրել։ Չեմ կարծում, թե որևէ ուսուցիչ երբևէ այդպիսի շարադրություն կարդացած լինի։ Գրել էի, թե ես ինչպես էի գրեթե խեղդամահ եղել, թե ինչ հանդարտությամբ էի դիմավորում մահն ու սառնասրտորեն մտածում. «Չէ՛, տղա, սա վերջն է»։ Ուսուցիչն այնքան էր հուզվել, որ տասներկու միավորից տասն էր նշանակել։
- Իմ կարծիքով դու հանճար ես,–ասաց ինձ։
Երբ տուն գնացի, մորս ասացի.
– Այսօր շարադրության համար տասներկուսից տասն եմ ստացել։
– Ի՜նչ լկտին ես ու անամոթաբար էլ երեսիս նայելով ստում ես։ Ուզում ես ապտա՞կ ուտես, որ խելքդ գլուխդ գա։
Բայց ի վերջո նրան համոզեցի։ Միանգամից մեղմացավ։ Նստեց ճոճացանցի մեջ, ասաց.
– Արի, նստիր կողքս, տղաս։
Առանց որևէ պատճառի բորբոքվեցի ու ասացի.
- Ո՛չ, կողքդ չեմ նստի։
Նա ծիծաղեց ու սկսեց սիրաշահել։ Ես ավելի բարկացա դրանից։
Կամաց-կամաց մեր միջև ջերմությունն առհասարակ վերացավ։ Վերածվեց երկու կամքերի միջև պայքարի։ Ես ավելի շուտ պատրաստ էի խեղդվել, քան ենթարկվելով՝ անպատվել ինքնասիրությունս։
- Քեզ ասում եմ՝ արի նստիր կողքս։
- Չե՛մ նստի։
- Հանի՛ր գոտիդ։
Ես հանեցի գոտիս ու տվեցի նրան։ Նա գոտիով դաղում էր ինձ, քթիցս արյուն էր հոսում, բայց ես դարձյալ չէի նստում։ Այդպիսի պահերին ես սովորաբար լաց էի լինում ու առանց հասկանալու ասում. «Եթե հայրս կենդանի լիներ, քեզ այդպես չէիր պահի»։
Ու այդպես, նա շարունակում էր մնալ իմ թշնամին։ Մեկն էր, որից փախչելու էի, հենց որ մեծանայի։ Ըստ էության, դա մեծանալու հիմնական գայթակղությունն էր։
Այդ օրերին Իսպանական նավահանգստում թևածում էր առաջընթացի ոգին։ Ամերիկացիները մեծ գումարներ էին ներդնում Տրինիդադում, իսկ բրիաանացիները շարունակ գաղութների զարգացման ու բարեկեցության մասին էին խոսում։
Առաջընթացի տեսանելի նշաններից մեկն էլ արտաքնոցների անհետանալն էր։ Ես ատում էի արտաքնոցները և միշտ զարմանում մարդկանց այն տեսակի վրա, որ գիշերները իրենց սայլերով գալիս էին ու դատարկում կեղտը, իսկ հետո մնում էր կեղտափոսն ընկնելու սարսափելի վախը։
Հեթն առաջիններից էր, որ ժամանակակից զուգարան կառուցեց, և մենք մեծ գործ արեցինք՝ տապալելով նրա հին արտաքնոցը։ Բոլոր տղաներն ու տղամարդիկ եկել էին օգնելու։ Ձեռք մեկնելու համար ես շատ էի փոքր, բայց ես էլ նայելու էի գնացել։ Իրար ետևից պատերն ընկնում էին, և վերջում միայն մեկն էր մնացել։
- Տղաներ, եկեք այնպես անենք, որ այս մի պատը մեկ կտորով ընկնի,– ասաց Հեթը։
Այդպես էլ արեցին։ Պատը ճոճվեց ու սկսեց ընկնել։ Երևի խենթությունս էր բռնել, թե ինչ՝ չգիտեմ, մի ակնթարթում որոշեցի գերմարդու պես պահել ինձ՝ առաջ վազեցի, որպեսզի կանխեմ պատի ընկնելը։
Ես ավտոբուսի մեջ էի, Իսպանական նավահանգստից Փեթիթ Վելի գնացող Սեմի «Սուպեր Սերվիսի» կանաչ ավտոբուսներից մեկում։ Ավտոբուսը լիքն էր պայծառ բանդանաներ հագած մեծահասակ կանանցով, որոնց հսկայական կողովները բեռնված էին խոտորուկով ու բանանով։ Ոմանց մեջ նաև հավեր կային։ Հանկարծ բոլոր մեծահասակ կանայք սկսեցին միաժամանակ խոսել, իսկ հավերը՝ կչկչալ։ Ինձ թվում էր՝ ուր որ է գլուխս պայթելու է, բայց երբ փորձեցի բղավել ծեր կանանց վրա, հասկացա, որ բերանս չեմ կարող բաց անել։ Նորից փորձեցի, բայց միակ բանը, որ ինձ հասնում էր արդեն ավելի հստակ, միալար քչփչոցն էր։
Դեմքիս վրայով ջուր էր հոսում։
Ինձ պառկեցրել էին ծորակի տակ, և վրաս զննող դեմքեր էին ծանրացել։
Ինչ-որ մեկը բղավեց.
- Ուշքի է գալիս։ Լավ է։
- Ո՞նց ես,- հարցրեց Հեթը։
– Լավ եմ,– փորձելով ժպտալ՝ ասացի ես։
– Որևէ տեղդ ցավու՞մ է,– հարցրեց տիկին Բհակշուն։
Ես գլխով «ոչ» արեցի։
Բայց հանկարծ ամբողջ մարմինս սկսեց ցավել։ Փորձեցի ձեռքս շարժել, ցավում էր։
- Երևի ձեռքս կոտրել եմ,– ասացի։
Ես կարողացա կանգնել ու նրանց օգնությամբ քայլել դեպի դուռը։
Մայրս դուրս եկավ, և ես տեսա նրա քարացած հայացքն ու արցունքներից թաց աչքերը։
Ինչ-որ մեկը, չեմ հիշում ով, ասաց.
– Տղաս, դու մորդ իսկապես վախեցրիր։
Նայեցի նրա արցունքներին ու զգացի, որ ես էլ եմ ուզում լացել։ Հասկացա, որ նա կարող է անհանգստանալ ու հուզվել ինձ համար։
Այդ պահին ես կարող էի միայն երազել, որ հնդկական աստված լինեի՝ երկու հարյուր ձեռքով ու երկու հարյուրն էլ կոտրած լինեի, միայն թե ապրեի այդ պահը և նորից տեսնեի մորս արցունքները։