Ի՞նչ է զգում մարդը, երբ հոգին անջատվում է մարմնից:
Մեկը տեսնում է երկար, շատ երկար թունել, վերջում` անպայման պայծառ լույսի մի շող, մյուսը` հրեշտակների երգը` կանչող ու ջինջ ձայներով, մեկն ընկնում է ինչ-որ մութ ու խոր մի անդունդ ու անընդհատ ընկնում, ընկնում, մեկը թռչում է վեր, անընդհատ պտտվում` տարակուսելով իջնի՞ իր մարմնի մեջ, թե՞ միգուցե պետք չէ…
… Ես ոչինչ չզգացի ու սկսեցի պտտվել, պտտվել` իջնելու տեղ գտնելու հույսով, քանի որ չէի գտնում մարմինս…
Ինձ, ավելի ճիշտ` իմ հոգուն քշում ու տանում էր մի անծանոթ երևույթ` մե՛րթ հաճելի, մե՛րթ տհաճ, մե՛րթ ուրախ, մե՛րթ տխուր, ու չէի հասկանում՝ ինչ է կատարվում, և ուր եմ գնում:
Հետո կարծես հեռվից լսեցի.
«Անցնում ենք քո կյանքի բոլոր օրերով, ամիսներով, տարիներով.»
«Ինչու՞, ես չեմ ցանկանում, վերադարձրո´ւ ինձ իմ մարմինը, ես ետ եմ ուզում»:
Ես չէի լսում իմ ձայնը, ձայն չկար, բայց պատասխանը լսեցի.
«Երբ երկու ձեռքերով գրկես գլուխդ, կանգ կառնեմ»:
Ե՞րբ պետք է բռնեի գլուխս, ես չգիտեի, իսկ այդ ընթացքում անցնում ու անցնում էինք ժամանակի մեջ` մե՛րթ հաճելի, մե՛րթ տհաճ, մե՛րթ ուրախ, մե՛րթ տխուր, ու չէի հասկանում…
Ընթացքն այդ ինչ-որ բութ երևույթի հետ, որը հետո չպատասխանեց իմ ոչ մի հարցին, դանդաղեց, թե՞ արդեն սկսեցի հարմարվել, երբ տեսա Սուրբ Հովհաննես եկեղեցու գմբեթը:
Գլուխս բռնեցի ձեռքերով:
Երևույթն ինձ գցեց գմբեթի վրա ու ասես անհետացավ:
Բավականին թեք գմբեթի վրա նստած եմ ու չեմ ընկնում:
Փորձ արեցի իջնելու, ու կարծես ստացվեց:
Թռչում եմ ցանկացած առարկայի վրայով` մոտ 2-3 մետր հավասար հեռավորության վրա:
Հետո նորից բարձրացա, նստեցի գմբեթին, որի քարերի արանքներից խոտեր են աճել:
Փորձեցի պոկել խոտերից, ստացվեց, ու ասես մի էլեկտրական հոսանք անցավ իմ միջով:
«Ա´յ, դա չպետք է անես, ոչ մի առարկայան գործողություն, հակառակ դեպքում կկորչես անհայտության մեջ` հավիտյան հրաժեշտ տալով մարմնիդ: Ժամանակդ սահմանափակ է:
Ընդամենը` այսքանը: Դե՛, քեզ հաջողություն»:
Լավ երևում է դիմացի շենքը, բայց ես տեսնում եմ միայն մեկ պատուհանի ներսը:
Հասկացա, որ իմ օրերից մեկն է այդտեղ:
Բայց ո՞ր:
Մեջքով դեպի պատուհանը՝ համակարգչի մոտ մի աղջիկ է նստած:
Երկար մազերը գցված են աջ ուսին:
Պարզ երևում է համակարգչի էկրանին գրված տողը.
«Դու էլ ինձ ես դուր գալիս»:
«Հանդիպե՞նք»:
«Հաստատ չեմ կարող ասել, մաման գա, կիմանամ»:
«Թումանյան-Խանջյան խաչմերուկ, հարմա՞ր է, միևնույն է, սպասելու եմ»:
«Դե, հաստատ չեմ կարող ասել»:
«Գրի՛ր համարս` 091329198»:
Իմ հայացքն այդքան հիմար չի եղել երբեք. իմ բջջային հեռախոսի համարն էր:
Աղջիկը շրջվեց` վերցնելու իր հեռախոսը, ու տեսա նրա դեմքը:
Աստված իմ, մի՞թե լինում է այդպես:
Ասես ինչ-որ զվաճասեր կախարդ իմ դեմքը վերցրել, գեղեցկացրել, նրբացրել, սարքել էր աղջկա դեմք ու հրամցնում էր…
Համակարգչին մոտեցավ մի կին՝ երևի մայրը: Արդեն ամեն ինչ պարզ էր:
Դանիելյան Հասմիկն էր` իմ առաջին սերը:
Տարիները վատ դիմահարդարի ձեռքերով իրենց գործն արել էին նրա դեմքին:
* * *
Տարիները:
Չեմ հասցնում պատասխանել նամակներին:
Միաժամանակ խոսում եմ երկու աղջկա հետ:
Մի կողմից հեշտ է, քանի որ բոլորին նույն բանն եմ գրում, մյուս կողմից էլ` դժվար, քանի որ կարող է՝ երկուսն էլ համաձայնեն հանդիպման:
Մեկին ես կմոտենամ, երկրորդի մոտ Թորոսյան Արմենին կուղարկեմ. պարզ թվաբանություն է:
Կարևորը ճիշտ ընտրեմ, որ լինի ամենագեղեցիկն ու չափսերը պաշտպանված` 24-60-165:
Իմ ու Արմենի հնարած չափսերն են` տարիք, քաշ, հասակ` 90-60-90-ի փոխարեն:
Ծալված կայքը թրթռաց:
«Բարև, ես էլ Հասմիկն եմ»:
Սա արդեն երրորդն է, բարդացավ գործս…
Անցավ մեկ շաբաթ:
…«Դու էլ ինձ ես դուր գալիս, ժամանակակից մտքերով, Պոլիտեխնիկից ես, չէ՞, ես էլ` Համալսարանից»…
…«Կարելի՞ է քեզ Հաս ջան ասել: Հանդիպե՞նք, Հա´ս ջան»:
«Հաստատ չեմ կարող ասել, մաման գա, կիմանամ, լա՞վ»:
«Թումանյան-Խանջյան խաչմերուկ, հարմա՞ր է, միևնույն է, սպասելու եմ»:
«Դե, հաստատ չեմ կարող ասել»:
«Գրի՛ր համարս` 091329198»…
* * *
Տարիները:
… - Հա´ս ջան, ինձ ճիշտ հասկացիր, դու` ուսանող, ես` ուսանող, մեր ինչի՞ն է պետք երեխան, ազատվի´ր նրանից:
- Դու ինչ ստոր մարդ ես, թե՞ կատակում ես:
- Ի՞նչ կատակ, ուզո՞ւմ ես խայտառակվել, համ էլ ինձ մի´ մեղադրիր, մեղավորը դու ես… Ես հարբած էի ու ոչինչ չեմ հիշում:
- Քեզ սիրում էի ու տրվեցի, ես չեմ ափսոսում իմ…
- Չգիտեմ, մոռացի´ր ինձ, եթե այդպես ես մտածում: Ինձնից ի՞նչ հայր... Ես շարունակելու եմ ուսումս ինստիտուտից հետո:
- Դա քո վերջի՞ն խոսքն է:
- Հա´ս ջան, ազատվի´ր երեխայից, ու մնանք առաջվա պես, էլ ի՞նչ է քեզ պետք: Մենք սիրում ենք իրար, չէ՞: Հակառակ դեպքում…
- Քեզ տեսնել չեմ ուզում, զզվա՛նք:
* * *
Հասմիկն ու աղջիկը կարծես վիճում են, ես չեմ լսում:
Աղջիկն ինչ-որ բան է համոզում, մայրն էլ կարծես չի համաձայնվում:
Միգուցե կոտրե՞մ պատուհանի ապակին, կոտրե՞մ համակարգիչն ու թույլ չտամ աղջկաս գնալու այդ հանդիպմանը: Ինչպե՞ս թույլ չտամ:
Ես լավ եմ ճանաչում Հասմիկին, նա թույլ չի տա, մի բան կմտածի հաստատ, բայց չեմ ճանաչում աղջկաս: Եթե իմ աղջիկն է, ուրեմն …
Երևի ննջարանն է:
Աղջիկը, ի´մ աղջիկը սկսեց փոխել շորերը:
Դեմքս շրջեցի: Մյուս սենյակում Հասմիկը, դեմքով դեպի պատուհանը, լալիս էր:
Ուրեմն չստացվեց:
Դեմքս մոտեցրի պատուհանին ու նայում եմ նրա ձեռքի ժամացույցին:
18 անց 30 րոպե:
Դեռ ունեմ 30 րոպե ժամանակ: Ես միշտ ժամադրվում էի 19.00-ին:
Վստահ գիտեմ, որ տղան, ում հետ աղջիկս պետք է հանդիպի, երկու հոգու է ժամադրելու, կսպասի առաջին եկողին ու կհեռանա նրա հետ:
Վերադարձա, տեղավորվեցի գմբեթին:
Սկսեց ձյուն գալ:
Եթե որևէ մեկը գմբեթի բարձրությունից չի տեսել, թե ինչպես է հարսնաքողի նման ձյունն իջնում քաղաքի վրա, ապա ասեմ, որ բոլոր հրաշալիքները անգույն նկարներ են այս տեսարանի համեմատությամբ:
Երևանն է ու փաթիլ-փաթիլ իջնող սպիտակ գեղեցկությունը:
Զգույշ սողոսկեցի շենքի մուտք ու բարձրացա Հասմիկենց հարկն այն ժամանակ, երբ դուռը բացվեց ու Նա դուրս եկավ բնակարանից:
Ու՞մ հայրական աչքերը չեն փայլել հպարտությունից իր գեղեցկուհուն տեսնելիս:
Հայրական ո՞ր սիրտը չի բաբախել րոպեում 150 անգամից ավել, երբ տեսել է իր աղջկան տղայի հետ թևանցուկ:
Հայրական ո՞ր սիրտը չի կծկվել հարազատ աղջկա հանդեպ խանդից:
Ես ինձ երբեք նրա հայրը չեմ համարել, չեմ իմացել նրա գոյության մասին, քանի որ իմ ու Հասմիկի վերջին խոսակցությունից հետո նրանք ընտանիքով հեռացել էին քաղաքից:
Իսկ հիմա՞...
Ես զգում եմ, որ իմ աղջիկն է: Գիտեմ, որ ի´մն է, ի~մը:
Ես չունեմ մարմին, բայց սիրտս բաբախում է րոպեում 1500 անգամից ավել:
Ես զգում եմ, որ աչքերս փայլում են հպարտությունից:
Ես զգում եմ, որ աղջիկս կրկնում է իր մոր՝ տարիներ առաջ թույլ տված սխալը, ու չգիտեմ ինչպես օգնել:
Ես զգում եմ, թե Հասմիկի սիրտն իմ սրտին ինչքան համաչափ է զարկում :
Ես եկա ուշացումով, բայց եկա: Այստեղ եմ, և այդ փաստը ոչ ոք չի կարող հերքել:
Աղջիկը նստեց երթուղային տաքսի ու անհետացավ:
Բարձրացա նորից պատուհանի մոտ, որտեղ դեռ լալիս էր Հասմիկը:
Ես այստեղ եմ, ինչու՞ ես լալիս:
Հետո ինչ, որ այստեղ եմ:
Ափսոս, չեմ կարող ծնկել քո առաջ ու ոչ մեկին պետք չեկող ներողությամբ գրկել քեզ, համբուրել այն շրթունքները, որոնք տարիներ առաջ արտաբերեցին. «Քեզ տեսնել չեմ ուզում, զզվա´նք»:
Կներե՞ս արդյոք իմ` քեզ այսքան ժամանակ տանջելը, ես չգիտեմ, բայց թույլ չեմ տա, որ դու լաց լինես, ինչպես ժամանակին քո մայրն է թաքուն լաց եղել:
Քեզ հաջողություն, սիրելի~ս, մնաս բարո~վ, աղջկաս լավ կնայե~ս:
Սլացա Թումանյան-Խանջյան խաչմերուկ:
Անկյունի շենքի մոտ հիմա մի ապակեպատ խանութ է:
Ներսում մի մանեկեն է կանգնած, կնոջ մանեկեն:
Նայում է ինձ, ժպտում:
Դեռ ոչ ոք չկա:
Ես կտարբերեմ հազարավորների մեջ ինձ նմանին:
18 անց 45 րոպե:
Իմ աղջիկը չի ուշանա, նա ի´մ աղջիկն է, ճշտապա´հ, վստահ եմ:
Իսկ ի՞նչ եմ անելու ես:
Պտտվում եմ խանութի շուրջբոլորն ու հետազոտում, ոչ մի բան մտքովս չի անցնում:
18 անց 50 րոպե:
Երևաց տղան: Ծաղիկները՝ գլուխները ներքև պահած մոտենում է:
Ես միանգամից ճանաչեցի տղային` ինձ երիտասարդ ժամանակ:
Նրան երկու տարբեր կողմերից մոտենում էին երկու աղջիկ:
18 անց 57 րոպե:
Ժամանակ չկա, ո՞ր մեկը առաջինը կմոտենա:
Մոտեցա խանութի ապակուն ու ձեռքով հարվածեցի:
Ապակին հաստ էր ու տեղի չտվեց:
18 անց 58 րոպե:
Հավասարաչափ հեռավորությամբ տարբեր կողմերից տղային մոտենում էին երկու աղջիկ հետագայում դժբախտանալու համար:
Մեկն իմ աղջիկն էր, մյուսն իմ կինը` երիտասարդ ժամանակ:
Երկուսից ո՞ր աղջկան փրկել ինձանից, քանի որ տղային չկարողացա մեկուսացնել:
Մնում էր մոտ 20 մետր տղային հասնելու համար:
Որոշումը կայացված էր:
Խանութի օդանցքից սահեցի ներս, անցա ամբողջ սրահով, թափով ետ եկա ու հարվածեցի մանեկենի մեջքին, որն, ընկնելով ապակուն, փշրեց:
18 անց 59 րոպե:
Փշրված ապակիները թափվեցին աղջկաս ոտքերի մոտ:
Ետ քաշվեց վախեցած:
Սկսեցին հավաքվել հետաքրքրասերները` փակելով աղջկաս ճանապարհը:
19.00:
Կինս մոտեցավ տղային:
Մի քանի բառ փոխանակելուց հետո միասին հեռացան:
* * *
Նայում էի հեռվում կանգնած միայնակ աղջկաս:
Հանգիստ էի:
Լսվեց Երևույթի բամբ ձայնը.
«Ես քեզ զգուշացրել էի` ոչ մի առարկայական շփում:
Դու այլևս մարմին չես վերադառնա:
Դու հիմա մի անզոր թափառական հոգի ես ու դեռ երկար կթափառես այդպես էլ հանգրվանդ չգտնելու պայմանով: Գնացի~նք»:
Արդեն ծանոթ Երևույթը փաթաթվեց ինձ ու տարավ: