Եվ այսպես, պաշտոնապես հաստատվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրը և, ամենայն հավանականությամբ, նոր վարչապետ կլինի Երևանի նախկին քաղաքապետ, Հայռուսգազարդ ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանը: Նոր վարչապետը, ինչպես գիտենք, անկուսակցական է, և բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում ներքաղաքական կյանքում: Մասնավորապես, հետաքրքիր է, թե ինչպես կուսակցությունները ԱԺ-ում կքվեարկեն Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու հարցում: Եվ այսպես, ակնհայտ է,որ ինչպես էլ որ կոչվի կառավարությունը (անցումային,համաձայնության, թե տարաձայնության) իշխող ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նորանշանակ վարչապետին: Սակայն, ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի, Կարապետյանը իր առաջին քայլով պետք է փորձի շահել նախևառաջ ՀՀԿ քաղաքական վերնախավի համակրանքը Տիգրան Սարգսյանի ճակատագրին չարժանանալու համար: Դա անելը բարդ կլինի, և շատ հետաքրքիր կլինի առաջիկա կոնֆիգուրացիաների արդյունքում տեսնել, թե ինչպիսի հարաբերություններ են կառուցվում նախկին ու գործող վարչապետերի միջև: Աբրահամյանը, ամեն դեպքում, խանդավառված չի լինի իր աթոռի հավակնողին գրկաբաց ընդունելու:
Կարապետյանը ռուսաստանյան քաղաքական մշակույթի կրող է, թեպետ մենեջմենթը բավականին ազդված է արևմտյան կառավարման ձևից: Խոսքն, իհարկե, ոչ թե պետական կառավարման, այլ մասնավոր բիզնես-կորպորացիաների ղեկավարման մասին է: Սա հնարավորություն կտա իրենց հայաստանամետ կամ պետականապետ ուժերն օգտագործելու իրենց համար որպես ալիբի Կարապետյանի թեկնածությունը հաստատելու կամ գոնե ձեռնպահ մնալու համար (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ՀՎԿ): Ժառանգության պարագայում դժվար է ասել, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները, քանի որ խմբակցություն՝ որպես այդպիսին գոյություն չունի: Ընդհանուր առմամբ, մի քանի անհատ պատգամավորներ, ովքեր ակնհայտ արևմտյան քաղաքական մոդելի կողմնակից են, դեմ կքվեարկեն: Նրանց թիմը, կարծում ենք, չի անցնի 5-6-ը: Սա, հասկանալի է, որոշիչ լինել չի կարող, և ձայների մեծամասնությամբ Կարեն Կարապետյանի թեկնածությունը ՀՀ ԱԺ-ում աշնանային նստաշրջանից առաջ կհաստատվի: Հիմնական իրադարձությունները գլխավորապես կծավալվեն արդեն հետագայում, երբ պարզ կդառնա, թե ապագա վարչապետը Խորհրդարանում ներկայացված կուսակցությունների հետ կոմունիկացիայի ինչպիսի մեթոդաբանություն է ընտրելու: Ահա այստեղ արդեն կարող են, ինչպես ասում են, կուսակցությունների ու վարչապետի ջրերը մի առվով չհոսել: