Մի քանի ամսից կսկսի գործել G20-ի երկրների միջազգային հակակոռուպցիոն կենտրոնը, որը կզբաղվի արտասահմանում թաքնվող կոռուպցիոներների վերադարձի հարցերով: Այս մասին հայտնում է China Daily թերթը:
Հաղորդվում է, որ կենտրոնի բազան կլինի Պեկինի մանկավարժական համալսարանում և պաշտոնապես կսկսի գործել առաջիկա ամիսներին: Կենտրոնում կաշխատեն կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում մասնագիտացած տասնյակ փորձագետներ Չինաստանից և G20-ի մյուս երկրներից:
Կենտրոնը կզբաղվի G20-ի երկրներում կոռուպցիոն հանցագործությունների խորացված ուսումնասիրությամբ, այդ թվում՝ ներքին օրենսդրության և մյուս երկրների օրենսդրությունների համեմատական վերլուծությամբ, անօրինական ակտիվների բռնագրավման գործընթացով, արտահանձնման և իրավաբանական օգնության հարցերով:
Կենտրոնում կստեղծվի G20-ի երկրների փորձագետների և իրավաբանների տվյալների բազա, որոնք մասնագիտանում են կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում:



