Քրեական խմբավորումներն ավելի ու ավելի հաճախ են վարձում Ուկրաինայից պրոֆեսիոնալ նավաստիների՝ հարմարավետ զբոսանավերով ունևոր անօրինական ներգաղթյալներին Եվրոպա ուղարկելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իտալական ոստիկանության աղբյուրներին։

«Վերջին տարիներին հանցավոր խմբերը սկսել են 6-8 հազար դոլարով «շքեղ ուղևորություններ» առաջարկել հուսալի նավերով, որոնք վարում են որակավորված նավաստիները»,- մեջբերում է գործակալությունը իրավապահ մարմինների աշխատակցի խոսքերը։ Նրա հաղորդմամբ՝ այդ գումարը քառակի թանկ է սովորական ուղևորության միջին արժեքից։

Երեքշաբթի հարավային իտալական Ապուլյա շրջանի ափին կալանվել է թուրքական դրոշի ներքո նավարկող 12 մետրանոց զբոսանավ։ Նավում եղել են Պակիստանի 50 քաղաքացիներ, ովքեր փորձել են անօրինական ճանապարհով Թուրքիայից հասնել Իտալիա։ Նավը վարել են երկու պրոֆեսիոնալ ուկրաինացի նավաստիներ՝ 21 և 25 տարեկան։ Նրանց վերցրել են կալանքի տակ։

2015 թվականի սկզբից իտալական իշխանությունները ձերբակալել են 65 ուկրաինացիների, ովքեր կասկածվում են անօրինական միգրացիայի կազմակերպման մեջ։ «Դա աճող երևույթ է»,- հայտարարել է իտալական ոստիկանության աշխատակիցը՝ նկատի ունենալով բիզնեսում ուկրաինացիների մասնակցությունը։ Նրա խոսքով՝ ուկրաինացիները ստանձնում են հանցավոր խմբերի հանձնարարության իրականացումը հայրենիքում սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատճառով՝ ցանկանալով գումար աշխատել և դրանով հիմնավորվել արտերկրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել