Գրոմիկոյի կենսագրականը շատ հետաքրքիր է։ Նա պատմության լրջագույն դեմքերից է, ով քիչ է ուսումնասիրվել։ Սառը պատերազմի ավարտը վերագրում են Գորբաչովին՝ Գրոմիկոյի վրա սառը պատերազմի ջատագովի ստվեր գցելով։ Գրոմիկոն ավելի խոհեմ էր ու իր անմիջական բանակցությունների շնորհիվ էր սկսվել միջուկային ապառազմականացումը։ Գրոմիկոն հայտնի է իր «Պարոն ՈՉ» մականմամբ։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ «ՈՉ»-ից հետո ներգրավվում էր լուրջ բանակցությունների ու շահեկան պայմանների հասնում։ Մարդը գիտեր՝ ինչ շահեր է պաշտպանում։
Ի հակադրություն նրա՝ հետսովետական Կոզիրևը հանել էր «Պարոն ԱՅՈ» մականունը։ Պրիմակովը նրա մասին գրում է
« Однажды бывший президент США Ричард Никсон спросил Козырева о том, каковы интересы новой России. «Одна из проблем Советского Союза состояла в том, что мы слишком как бы заклинились на национальных интересах, — ответил на это Козырев. — И теперь мы больше думаем об общечеловеческих ценностях. Но если у вас есть какие-то идеи и вы можете нам подсказать, как определить наши национальные интересы, то я буду вам очень благодарен»
Եթե հավատանք Պրիմակովին, հետսովետական Ռուսաստանը չգիտեր իր ազգային/պետական շահը։
Իսկ ո՞րն է մեր շահը։ Մենք գիտե՞նք։ Ունե՞նք հանրային գործիչներ, որ հստակ գիտեն, թե ինչ են ուզում։ Նորից հղում անեմ փորձիս։ Միջազգային կառույցների հետ բոլոր բանակցություններին, որ մասնակցել եմ, եղել են շատ դժվար բանակցություններ։ Դիմադրությունը մեր կողմից եղել է մեծ, միջազգայինների կողմից՝ նմանապես։ Համարել եմ՝ սա է լավագույն արդյունքի բերող գործընթացը։ Միևնույն ժամանակ ականատես եմ եղել շատ հեշտ բանակցող պաշտոնյաների՝ վարչապետերից մինչև նախարարներ ու ավելի ցածր։ Տեսել եմ նախարար, որ ասում էր «հա, ամեն ինչի համաձայն եմ, միայն թե վարկը տվեք»։ Կոնկրետ այս դեպքում անեկդոտ էլ կա, իմացողները կիմանան․ երբ նախարարն ասել էր «ուզում եք ** էլ կտամ, միայն թե եկեք պայմանագիրը ստորագրենք», թարգմանիչը չէր իմացել՝ ինչ թարգմանի։ Դե, անեկդո՞տ, թե՞ իրականություն, չի իմացվի։
Այժմ խոսում են հաջորդ կառավարության, վարչապետի մասին։ Չգիտեմ, թե ով է լինելու։ Բայց մի բան գիտեմ․ եթե գալիս են «պրոֆեսիոնալ ֆունկցիոներներ», որոնք գիտեն միայն կառավարել, իսկ բովանդակությունը ակնկալելու են ուրիշներից, ապա կստանանք հերթական «կոզիրովներին»։ Պետք է հանրային շահը հստակ ձևավորվի, որից էլ բխի բովանդակությունը, որն էլ առաջ տանելը դառնա կառավարության գործը։
Իսկ եթե բովանդակայինը երկրորդ պլանում է, ապա կգա մի հատ լավ «ձև», որը հանրությանը կզբաղեցնի մինչև հաջորդ ճգնաժամը։
Արդյոք այս պահին կա՞ բովանդակային պահանջ հանրության կողմից։ Չկա՛։ Այսօր բանակցությունը հասարակության հետ է, պայմանական Գրոմիկոն կարող է հասարակությանը ասել «Ո՛չ», բայց ներգրավվել լավագույն արդյունք գտնելու պրոցեսի մեջ։ Թե՞ գալու է Կոզիրովը, ով ասելու է պոպուլիստական «Այո՛», հետո իր անձնական հարցերով է զբաղվելու՝ իմիջից, դիրքից, ներքին գզվրտոցից մինչև անձնական գրպան։
ՀԳ․ Գրոմիկոն ու Կոզիրովը թող ներեն մեր ներքին խնդիրներին իրենց անվանումը շահարկելու համար։