Картинки по запросу воспитаниеԱյսօր անդրադառնանք նախադպրոցական երեխաների դաստիարակությանը: Յուրաքանչյուր երեխայի ծնունդ, անկախ սեռից, հիրավի ուրախություն է և բերկրանք բոլոր ընտանիքներում, բայց անվան ընտրության հարցում  դաստիարակչական առումով մենք թերանում ենք։ Իհարկե, շատերը կասեն՝ ինչ անուն ծնողները որոշում են, այն էլ դնում են, ում ինչ գործն է։ Գործնականում այդպես է, բայց անունը ազգային-հոգևոր դաստիարակության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Ընտանեկան ազգային դաստիարակության լավագույն ավանդույթները մոռացվում են կամ երկրորդական պլան են մղվում, երբ  հայ մանուկները համատարած կրում են Իռեն, Միլենա, Ալեքս, Բորիս, Վլադ, Վիգեն, Ռոբերտ, Սերժ, Իզաբելլա, Իննեսա, Կատարինա, Անաբելա և այլ օտար անուններ։ Մեր քաղքենիությունը, որ սկիզբ է առել համայնավարության օրոք, ցավոք, շարունակվում է անկախության պայմաններում: Դաստիարակչական լուրջ սայթաքում կարելի է արձանագրել այն հանգամանքը, որ հայ մանուկը փոքր հասակից ընտանիքում լսում է օտար՝ մասնավորապես ռուսաց լեզու, կամ ընտանիքում ծնողները, տատիկ-պապիկները ռուսերեն են հաղորդակցվում նրա հետ։ Սա պարզապես հանցագործություն է։ Սա նշանակում է, մեղմ ասած, հրաժարվել հայեցի դաստիարակությունից և ձուլման ուղին բռնել։ Շատ քչերին գիտեմ, ովքեր ռուսական կրթություն ունեն, բայց իրենց թոռնիկների կամ երեխաների հետ հաղորդակցվում են հայերենով: Եվ, վերջապես, երեխան հաճախում է նախադպրոցական հաստատություն․ այստեղ նույնպես դաստիարակության թերացումները դրսևորվում են, ընդ որում՝ երկակի կտրվածքով: Մի կողմից հոգնատանջ ծնողները մտածում են՝ 2,5 կամ 3 տարեկանում տանը ոչինչ չսովորեցնելով երեխային կարելի է տանել մանկապարտեզ և, այսպես ասած, ձեռքերը լվանալ, մյուս կողմից հանդիպում են ծնողներ, (հատկապես տղամարդկանց է վերաբերում), ովքեր մի փոքր մեծերի՝ 4-5 տարեկանների ներկայությամբ թույլ են տալիս, մեղմ ասած, ոչ գովելի վարքագիծ, պարծենում են, որ իրենք զենք ունեն, բոլորից ուժեղ են, բոլորին կարող են ծնկի իջեցնել և այլն, կամ էլ երեխայի մոտ հայոյանքներ են օգտագործում։ Կարծում եմ, սիրելի՛ ֆեյսբուքահայեր, հետևանքները  պարզ են ձեզ: Իրենց հերթին, բնականաբար, ոչ միշտ են իրենց բարձրության վրա գտնվում դայակները և դաստիարակները, ովքեր կարող են նույնպես սայթաքել։ Չնայած, ճշմարտության դեմ չմեղանչելով ասեմ,որ նման դայակներ և դաստիարակներ քիչ են  հանդիպում: Մի խոսքով՝ դաստիարակությունը, հարգելինե՛րս, սկսվում է երեխայի ծնունդով և անվանակոչությամբ։ Այն համբերություն, զսպվածություն ,խորաթափանցություն է պահանջում ծնողներից և, ամենակարևորը, ծնողների դաստիարակչական ֆունկցիայի մեջ անկյունաքարը պետք է լինեն քրիստոնեական արժեքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել