Araratnews.am-ը գրում է.
Սեպտեմբերի 6-ին Ն.Աղբալյանի անվան № 19 հիմնական դպրոցում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջում, փրկարարական աշխատանքների իրականացում ուսումնական հաստատությունում» թեմայով:
Ըստ ուսումնավարժանքի պլանի` դպրոցի 2-րդ մասնաշենքի տանիքում հրդեհ է բռնկվել՝ մոտավորապես 50մ2 մակերեսով: Առկա է հրդեհի հետագա տարածման ու մի շարք ծխապատ գոտիների առաջացման վտանգ: Անհրաժեշտ է տարհանել մասնաշենքում գտնվող 470 աշակերտների և 45 ուսուցիչների, սակայն աշակերտներից 6-ը արգելափակվել են մասնաշենքի վերին հարկերում՝ անհրաժեշտ է ճիշտ և արագ կազմակերպել երեխաների անվտանգ տարհանումը:
Վարժանքը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արսեն Արշակյանը:
Հրդեհի բռնկման մասին ահազանգ ստանալուց հետո` դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն ու ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեկ մարտական հաշվարկն անմիջապես սկսեցին հրդեհաշիջման, տուժածների որոնման և տարհանման աշխատանքները:
Ավտոսանդուղքի միջոցով հրդեհաշիջման աշխատանքների իրականացումից, հրդեհի մեկուսացումից, մարման և արգելափակված աշակերտների տարհանման միջոցառումներից հետո հրշեջ-փրկարարաները կատարեցին նաև ինքնափրկման գործողություններ:
Ուսումնավարժության նպատակն էր բարձրացնել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ղեկավար կազմի գործնական հմտությունները, կատարելագործել ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Երևան քաղաքի փրկարարական վարչության ՀՓՋ-ների անձնակազմերի գործնական հմտությունները՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, համաձայն քաղաքացիական պաշտպանության պլանների՝ կատարելագործել Նիկոլ Աղբալյանի անվան №19 հիմնական դպրոցի անձնակազմի կողմից արտակարգ իրավիճակներում ազդարարման և տարհանման գործողությունների իրականացման հմտությունները:



