ՄԻԱԿ քարտուղար |
Նախագահի թեկնածուն 25 օր շարունակ ինտենսիվ հացադուլ է անում` տվյալ դեպքում էական չի, թե ինչի համար: Ինձ շատ հետաքրքրում է, թե ինչպես պետք է պետական համապատասխան մարմինները, քաղաքական ուժերն ու առհասարակ հասարակությունը վերաբերվեն այս իրողությանը, ինչ դիրքորոշում պետք է ունենան կամ ինչ գործողություններ պետք է անեն, որ վաղը, հանկարծ, ինչ-որ մեկը տաք գլխով չհայտարարի, թե անտեղի խոչընդոտներ են հարուցվել թեկնածուի անհամաձայնության իրավունքի իրացման ճանապարհին և այս պսևդո-թեզն էլ տեղ չգտնի ինչ-ինչ զեկույցներում: Բայց չէ՞ որ մեր երկրի Սահմանադրության մեջ հստակ ամրագրած է, որ մարդն ու նրա կյանքի իրավունքը բարձրագույն արժեքներ են, և եթե նրանց գոյությանը իրական վտանգ է սպառնում, հետևաբար որևէ ողջամիտ մահկանացու չի կարող անտարբեր լինել, և թողնի, որ նա ինչպես ուզում է, այնպես վարվի իր առողջության հետ: Միգուցե տեղին չհնչի համեմատությունը, բայց ընդհանուր գծերով սա շատ նման է նրան, որ մարդը տեսնի, որ ինչ-որ մեկը փորձում է ինքնասպանություն գործել, գլուխը թեքի ու շարունակի իր ճանապարհը: Հնարավոր է՝ մի քիչ խտացնում եմ գույները, բայց երեկ, երբ մեր հացադուլավոր թեկնածուն երևաց հեռուստաէկրանին, նա ակնհայտ գունատ ու հյուծված տեսք ուներ: