Հոլանդացի բժիշկները ցույց են տվել, որ վաղ տարիքում հակաբիոտիկների գործածումը կապված է հետագայում ալերգիկ հիվանդությունների առաջացման վտանգի հետ: Այս մասին հայտնում է EurekAlert! հրատարակությունը:
Գիտնականներն անցկացրել են 1966 – 2015 թվականներին կատարված 22 գործերի մետավերլուծություն: Հետազոտությունները նվիրված էին կյանքի առաջին երկու տարում հակաբիոտիկների ընդունման ազդեցությանը հետագայում հիվանդությունների, մասնավորապես, մաշկաբորբի և խոտատենդի առաջացման վրա:
Առաջին հիվանդության առաջացման ռիսկերի ուսումնասիրման համար ընտրվել է շուրջ 395 հազար, իսկ երկրորդի համար՝ 257 հազար հիվանդ: Շուրջ 65 հազար հետազոտվողներ ունեցել են երկու հիվանդություններն էլ:
Պարզվել է, որ հակաբիոտիկների վաղ ընդունման պատճառով մաշկաբորբի զարգացման ռիսկը կազմել է 15-41 տոկոս: Այս դեպքում խոտատենդի առաջացման հավանականությունը կազմել է 14-56 տոկոս:
Այնպիսի ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառը, ինչպիսիք են մաշկաբորբը և խոտատենդը, գիտնականները տեսնում են աղիներում միկրոօրգանիզմների քայքայման մեջ, որի պատճառը հակաբիոտիկների գործողությունն է: Իր հերթին դա հանգեցնում է իմունային համակարգի ճնշման, ինչն այն խոցելի է դարձնում ալերգիայի համար: