Օրվուելի «1984» գրքում մի դրվագ կա, որը համապատասխանում է Հայաստանի հասարակության ներկայիս վիճակին: Մարդիկ մասսայական փսիխոզի մեջ են ընկնում, ու, չնայած նրան, որ Օրվուելի մոտ հասարակությունը միատարր էր, չկային հանրապետականներ ու ոչ հանրապետականներ, դրությունը նույնն էր․ հակառակ կարծիք ունեցողները չէին ընդունվում:
Երեկ ոստիկանների մասին արվածս գրառումները բուռն քննարկումների տեղիք տվեցին: Ինձ կհարցնեք կա՞ արդյոք վատ ոստիկան, ես կնշեմ՝ այո՛, շատ կան։ Միևնույն ժամանակ կան լավ ոստիկաններ, բայց եթե մենք ցանկանում ենք դուրս գալ այս իրավիճակից ու ցանկանում ենք զարգացնել մեր հասարակությունը, պետք է հրաժարվենք մասսայաբար փնթփնթալու մեր սովորությունից:
Չկան միանշանակ լավն ու միանշանակ վատը: Չի կարելի ազգովի ատել կամ ազգովի սիրել: Մի քիչ սթափ ու սառը մտածողություն է պետք: Երբ տարածում ենք ոստիկանների՝ մեկ ու կես տարի առաջ արված նկարն ու բոլորով ցույց տալիս՝ ա՛յ, տեսե՛ք՝ ինչ վատն են, մենք հաստատ ավելի լավը չենք դառնում, երբ ցույց ենք տալիս ոստիկանի նկարը, ով տատիկին է օգնում, դրանից էլ աշխարհում ոչինչ չի փոխվում:
Պետք չի նկարել, որ այդ երիտասարդները նստել էին ու տեղը չէին զիջում։ Նկարելու փոխարեն կարելի էր խնդրել, որ կանգնեն․ դա շատ ավելի մեծ քայլ կլիներ հասարակության զարգացման համար։ Տատիկին փողոցն անցկացնող ոստիկանը միանշանակ իր պարտականությունն է կատարում ու մեր հարկերից վճարվում է․ նրան էլ պետք չի նկարել, բայց երբ կա առաջին նկարը, լինելու է և երկրորդը:
Մեդալը միշտ երկու կողմ ունի ու, ցավում եմ, բայց նման տեմպերով մենք այդպես էլ մնալու ենք նկարների հույսին ու դուրս չենք գալու մասսայական փսիխոզից: