Ի՞նչ է հոգին, ինչպե՞ս Է այն կապված մարմնի հետ, ի՞նչ ճակատագիր Է ունենում մարդու մահից հետո։ Հազարամյակներ շարունակ այս հարցերը հուզել են մարդկանց, ստեղծվել են հարյուրավոր տեսություններ: Այն, ինչ այսօր անհիմն է թվում, նույնիսկ ծիծաղելի, վաղը կարող Է միանգամայն այլ տեսանկյունից գնահատվել:
Մեր ակնարկը փորձենք սկսել «հոգի» (ոգի, հոգեկան) բառի ստուգաբանությունից։ Ըստ Հր. Աճառյանի, «հոգին» բնիկ հայկական բառ է և նշանակում է շունչ: «Նախնական մարդու համար» հոգի, քամի, շունչ, օդ, միևնույն գաղափարներն էին. համեմատիր Աստվածաշունչ, ծն.բ.7. «Եվ ստեղծ Տեր Աստուած զմարդն հոգյերկրէ և փչեաց յերեսս նորա շունչ կենդանի ևեղև մարդն հոգի կենդանի»: «Հոգին» շունչ է նշանակում նաև բազմաթիվ այլ լեզուներում՝ եբրայերենում, ասորերենում, հունարենում, լատիներենում, սանսկրիտում, մոնղոլերենում, ճապոներենում և այլն։ Որոշ լեզուներում, հատկապես կիսավայրենի ցեղերի մեջ, «հոգին» նշանակում է «ստվեր»:
Հայերենում, նաև բազմաթիվ այլ լեզուներում, տարբերակվում են «հոգի», «ոգի», «հոգեկան» հասկացությունները։ Այսօր «հոգեկան» հասկացությունը հիմնականում օգտագործվում է գիտության մեջ, իսկ մյուս երկու հասկացությունները դիտվում են որպես ոչ գիտական։ Կրոնում, միստիկայում, իդեալիստական փիլիսոփայության մեջ սովորաբար «հոգի» հասկացությունը օգտագործվում է նույն իմաստով ինչ «հոգեկան» հասկացությունը գիտության մեջ և դիտվում է որպես հոգեկան ակտիվության ստորակարգ մակարդակ, այն դեպքում, երբ ոգին համարվում է հոգեկան ակտիվության բարձրագույն ձևը։ Հաճախ այն դիտվում է որպես գերբնական նախասկիզբ, երբեմն նույնացվում է «հոգևոր» հասկացության հետ։ Ընդհանուր առմամբ, այս հասկացությունները միմյանցից հստակորեն տարբերակված չեն և հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ:
Ինչպես նշեցինք, «հոգի» հասկացությունը նախապես շունչ իմաստն է ունեցել, իսկ դա նշանակում է, որ որպես երևույթ այն ավելի ուշ է գիտակցվել։ Այդ է վկայում նաև այն փաստը, որ զարգացման խիստ ցածր մակարդակի վրա գտնվող որոշ ցեղերի լեզուներում (այդպիսի ցեղեր են հայտնաբերվել Մադագասկարում, Սումատրայում) «հոգի», «ոգի» հասկացություններն ընդհանրապես բացակայում են:
Ռուս գիտնական Յու. Վյազեմսկին փորձել է ներկայացնել հոգու մասին պատկերացումների ձևավորման փուլերը. «Սկզբում, - գրում է նա, - ոչ մի հոգի չկար... Հետո պատկերացում է ձևավորվել նմանակի մասին (քնի, հիվանդությունների, մահվան դիտումներից նախնադարյան մարդու մեջ ծնվել է մարմնի մեջ նստած նմանակի գաղափարը, այդ նմանակը կարող է ժամանակավորապես կամ վերջնականորեն լքել մարմինը)... Չնայած ներքին և արտաքին աշխարհներն արդեն հակադրվել էին միմյանց, բայց դեռ հոգին ու մարմինը նախնադարյան մարդը չէր առանձնացնում։ Հոգևորը ընկալվում էր ոչ թե որպես ոգի, այլ որպես նյութականորեն գործող և առարկայական գոյություն ունեցող իրողություն։ ... Նախնադարում «հոգին» ընկալվում էր որպես ինչ-որ «ոչ ես», որից մարդը կախման մեջ է և վախենում է այնպես, ինչպես անկառավարելի բնության տարերքներից»:
Հիմնվելով նախնադարյան մակարդակի վրա գտնվող ցեղերի բազմամյա հետազոտությունների վրա ..անգլիացի հանրահայտ ազգագրագետ... Թայլորը փորձել է ուրվագծել հոգու նախնադարյան տեսությունը։ Ըստ այդ տեսության` «հոգին նուրբ, ոչ նյութական մարդկային կերպար է՝ գոլորշու, օդի կամ ստվերի ձևով։ Այն իր շնչավորած մարդու կյանքի ու մտքերի պատճառն է։ Անկախ է և անբաժանելիորեն իշխում է իր մարմնական կրողի վրա։ Այն կարող է լքել մարմինը և արագորեն տեղից տեղ տեղափոխվել։ Հոգին անտեսանելի և անշոշափելի է, բայց օժտված է ֆիզիկական ուժով և կարող է քնած կամ արթուն մարդկանց ներկայանալ պատկերի կամ ուրվականի ձևով։ Այն կարող է մտնել այլ մարդկանց, կենդանիների կամ առարկաների մեջ, տիրել նրանց, ազդել նրանց վրա»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/meline.yavryan/posts/412906552135089
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել