Image result for меджлис иранаԱյս տարվա օգոստոսի վերջին «Իրան» թերթի թղթակցի հետ կապված սկանդալային միջադեպը, որի ընթացքում Ուրմիա քաղաքից ընտրված իրանական խորհրդարանի պատգամավոր Նադեր Ղազիփուրը հարվածել էր Մեջլիսում, այսպես կոչված, թյուրքալեզուների ֆրակցիայի մասին իրեն հարց ուղղած լրագրողին, իրանական մամուլում և հասարակական-քաղաքական շրջանակներում տեղիք է տվել լուրջ քննարկումների:

Բանն այն է, որ նշված պատգամավորի կողմից աննախադեպ նախաձեռնություն է սկսվել Իրանի օրենսդիր մարմնում հիմնականում Ատրպատականից և որոշ այլ վայրերից ընտրված թյուրքալեզու պատգամավորների առանձին խումբ ստեղծելու ուղղությամբ, որն, ըստ որոշ գնահատականների՝ կարող է ունենալ մինչև 100 անդամ և Իսլամական Հանրապետության պատմության ամբողջ ընթացքում լինել փաստացիորեն էթնիկական սկզբունքով կազմավորված առաջին խորհրդարանական միավորումը՝ ունենալով ատրպատականցի կամ արմատներով ատրպատակացի անդամներ:

Ըստ էության՝ նման նախաձեռնությունը և դրա իրականացման հեռանկարը պետք է հետաքրքրի նաև մեզ, որովհետև փաստ է, որ Հայաստանը (ներառյալ Արցախը) Իրանի հետ սահմանակցում է հենց Ատրպատականի երկրամասի միջոցով, իսկ այստեղից ընտրված իրանական Մեջլիսի պատգամավորները որոշակի ազդեցություն կարող են ունենալ Հայաստան-Իրան հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտների վրա:

Հետևաբար, եթե նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա ճիշտ կլինի որպեսզի հայկական կողմը թե՛ իրանահայ լոբբիստական խմբերի ու պատգամավորների միջոցով և թե՛ ուղղակի Հայաստանի տարբեր խողովակներով որոշակի կապեր հաստատի թյուրքալեզուների ֆրակցիայի հետ՝ ոչ միայն առաջ տանելու և՛ Երևանի և՛ Թեհրանի շահերից բխող մեր երկու երկրների համագործակցությունը, այլ նաև՝ չեզոքացնելու ադրբեջանական կողմի հնարավոր նկրտումներն այս խումբը սեփական ազդեցության դաշտ բերելու և հակահայկական ձեռնարկների ծառայացնելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել