Image result for armphone

Ինչպես և խոստացել էի գրում եմ այն առավելությունների և թերությունների մասին, որոնք նկատել եմ արմֆոնի, ավելի կոնկրետ Արմֆոն TSD Quadra A0509P մոդելի երեք ամիս օգտագործման ընթացքում:
Կփորձեմ լինել հնարավորինս օբյեկտիվ և հաշվի առնելով սմարթֆոնի գնային տիրույթը:

Առավելություններ`
Ամենամեծ առավելությունն իհարկե այն է, որ «արտադրվում է», ավելի ճիշտ հավաքվում է Հայաստանում, ինչը նշանակում է, որ աշխատատեղեր է ապահովում:
Արտադրված լինելով Հայաստանում, որևէ մասի կոտրվելու, փչանալու դեպքոմ, ավելի հեշտ կլինի դրա փոխարինումը:
Երկուքարտանի է, երկու բնիկներն էլ անխափան աշխատում են:
Ունի չորս միջուկային պրոցեսոր և երկու գիգաբայթ օպերատիվ հիշողություն, ինչն ապահովում է բավականին արագ ու նաև անխափան աշխատանք` օգտագործելու երեք ամիսների ընթացքում գեթ մեկ անգամ չի կախվել, եթե չհաշվենք ֆեյսբուքը, որն ինձ թվում է ուղղակի էփլիքեյշնի խնդիր էր:
Ներքին հիշողության ծավալն այնքան մեծ է, որ կարիք չկա անհանգստանալու հիշողության քարտ ավելացնելու կամ սմարթֆոնում եղած տեսանյութերը և լուսանկարները ջնջելու՝ նորերն անելու համար:
Ունի գեղեցիկ և հաճելի դիզայն, որի վրա հաճելիորեն պատկերված է Ա տառը:
Մատնահետքի սենսորի տեղը շատ հարմար է:
Ունի հայկական զանգերանգեր, էկրանի նկարներ և Անդրոիդ օպերացիոն համակարգը հայաֆիկացված է:

Թերություններ`
Մարտկոցը շատ շուտ է նստում, շատ: Լրիվ լիցքավորված մարտկոցը հեռախոսի ինտենսիվ օգտագործման դեպքում պահում է 4-5 ժամ: Մարտկոցն էլ կորպուսից հանել չի լինում:
Երեք ամիս օգտագործելուց հետո մարտկոցը սկսել է նստել ավելի արագ և 15 տոկոսի հասնելու դեպքում, չես հասկանում երբ քանի տոկոս հասավ ու ոնց անջատվեց:
Ֆոտոխցիկը չնայած 13 մեգապիքսել է, բայց զիջում է այլ 13 մեգապիքսելանոց ֆոտոխցիկների:
Կորպուսը շատ նուրբ է, անգամ կես մետր բարձրությունից հողերի վրա ընկնելու դեպքում ճաքն ապահոված է(սա վերաբերվում է միայն իմ մոդելին, մյուս մոդելներն այլ կորպուս ունեն):
Սմարթֆոնն ունի հայերեն ստեղնաշար, բայց այդ ստեղնաշարը շատ անհարմար է և օրինակ ստորակետի համար պետք է հայերենից անցնել անգլերենի, իսկ հայկական հարցական նշանն ու այլ սիմվոլներ ընդհանրապես բացակայում են:
Մոդելների անվանումները շատ անկապ և չհիշվող են, երբ ամեն մոդել կարող էր իր հայկական անվանումն ունենալ, ինչն ավելի կշեշտեր իր հայկական լինելը:
Ապառիկով գնելու դեպքում գինն անհասկանալի պատճառով թանկանում է:
Չինական համարժեք պարամետրեր ունեցող սմարթֆոնների հետ գնով մրցունակ չի:

Առայժմ այսքանը, բայց ընթացքում ավելացումներ կանեմ:

Հ.Գ. Նկատարումներս ներկայացնելու եմ արտադրողին և հուսով եմ շատ թերություններ կշտկվեն:

Հ.Հ.Գ. Հուսով եմ ժամանակի ընթացքում թերությունները կշտկվեն, իսկ ունեցած առավելությունները, մանավանդ առաջին կետը կարևոր խթան են Արմֆոն գնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել