Հիշո՞ւմ եք Ձեր  առաջին օրերը ուսանողի կարգավիճակում, երբ դեռ չգիտեիք դասամիջոցի ժամերը, չգիտեիք լսրանաում նստած այդ 100 հոգուց ում հետ եք նույն հոսքում սովորելու, ովքեր են ձեր համակուրսեցիները, ծանոթանում էիք դասախոսներին ու պատին ամրացրած դասացուցակների միջից գտնում ու արտագրում ձերը: Երբ բոլորը իրար հետ նոր էին ծանոթանում, գտնում իրենց քաղաքից կամ գյուղից ուսանող ընկերոջ ու ասում` «զեմլյակս»: Երբ դասախոսները  ներկայացնում էին անվճար ընդունված ուսանողներին ու դուք փորձում էիք հիշել նրանց դեմքերն ընդունելության քննության ժամանակ: Հիշեցի՞ք, սա ուսանողությունն է, մեր կյանքի ամենալավ ժամանակաշրջաններից մեկը:

BlogNews.am-ը որոշեց շրջել երևանյան ԲՈՒՀ-երով ու ծանոթանալ ուսանողների նոր սերնդի ու ուսանողական առօրյայի  հետ: 

Այցելեցինք Վալերի Բրյուսովի անվան  պետական լեզվաբանական համալսարան: Առաջինն  իհարկե չէր կարող աչքի չզարնել համալսարանի դռների դիմաց կանգնած գեղեցիկ աղջիկների հետ ծանոթանալու եկած տղաների խումբը: Սա «դարերի խորքից եկած ավանդույթ» է Բրյուսովում: Համարվում է, որ այստեղ սովորող ուսանողների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են, ինչն էլ չի կարող չգրավել տղաներին ու նիվաներով այդ դռների մոտ չբերել: Դե իսկ նոր ուսումնական տարին  էլ շատ բարենպաստ ժամանակ է, երբ կարելի է նոր դեմքեր տեսնել ու ընդգրկել «հարսնացուների» ցուցակում:

Բայց երկրորդն, ինչը գրավեց մեր ուշադրությունը, այն էր, որ հասարակության մեջ տարածված կարծրատիպերն այս համալսարանի մասին շատ չափազանցված են: Համենայնդեպս, մեր այնտեղ գտնվելու ընթացքում չհանդիպեցինք ոչ շատ վառ ու վուլգար դիմահարդարմամբ ուսանողուհիների, և ոչ էլ ուսանողին ոչ վայել հագուստով որևէ մեկին: 

Փորձեցինք զրուցել ուսանողների հետ ու հասկանալ, թե որքան արժե այսօր ուսանող լինելը, ինչքան են նրանք ծախսում դասերին հաճախելու, գրքերի, xerox-ների, սնվելու և տրանսպորտի վրա:

xerox-ներ

Վ. Բրյուսովի անվան  պետական լեզվաբանական համալսարանում վարձավճարների թանկացում տեղի չի ունեցել, և բակալավրի տարեկան վարձը շարունակում է մնալ 400.000 դրամ: Իսկ ընթացիկ ծախսերն ըստ ուսանողների կախված են համալսարանից: Ամենից շատ ծախսեր պահանջում են  xerox-ները, քանի որ գրքերը բավարար քանակով առկա չեն ու շատ հաճախ նույնիսկ հաստափոր գրքերն ամբողջությամբ պատճենահանելու կարիք է լինում:

ԵՊՀ-ում և ՀՊՏՀ-ում գրքերի խնդիրն այդքան սուր չէր: Չնայած, նոր մասնագիտությունների դեպքում էլի գրքեր չկան ու ուսանողները մնում են xerox-ներ հույսին:

4-րդ կուրսում սովորող ուսանողներից մեկը նույնիսկ նշեց, որ այս 4 տարիների ընթացքում մեկ տարվա վարձ էլ տվել է xerox-ներին:

Տրանսպորտ և վարձով բնակարան

Երևանաբնակ ուսանողները չեն բողոքում տրանսպորտի ծախսերից: Օրական 200-400 դրամ են ծախսում`կախված քանի տրանսպորտով են համալսարան հասնում: Իսկ մարզերից Երևան դասի եկող  ուսանողները միայն տրանսպորտին օրական 700-1500 դրամ գումար են տալիս: 

Ուսանողները հիմնականում մի քանի ընկերներով են բնակարան վարձում: Վարձերը տատանվում են 70.000-100.000 սահմաններում` կախված թե որքան է մոտ ԲՈՒՀ-ին ու մետրոյի կայարաններին: Սննդի և կոմունալ ծախսերը ևս կիսում են ու այդ կերպ գոնե մի քիչ  թեթևացնում ընտանիքի հոգսը:

Աշխատանք և սպասելիքներ

Գրեթե չենք հանդիպել ուսանողների, ովքեր համատեղում էին ուսումն ու աշխատանքը: Միայն մեկ աղջկա հանդիպեցինք, ով դասերից հետո բրենդային խանութներից մեկում երեկոյան հերթի վաճառողուհի-խորհրդատու էր աշխատում, որ ինքը վճարեր իր ուսման դիմաց: Երիտասարդները շատ լավատես են ապագայի հանդեպ և մտածում են, որ դեռ կարիք չկա աշխատելու կամ աշխատանք փնտրելու, երբ ավարտեն անպայման իրենց մասնագիտությամբ աշխատանք կգտնեն: Չինարենի մասնագետները կգտնեն չինարենի մասնագետ փնտրող գործատուի, երկրաբանները կաշխատեն անպայման իրենց ոլորտում, իսկ լեզուների մասնագետներն էլ, եթե ոչ Հայաստանում, ապա դրսում կլինեն շատ պահանջված: Չգիտեմ էլ, լավ է, թե վատ, բայց ուսանողների մեծ մասը վարդագույն ակնոցներով է նայում կյանքին: 

ԵՊՀ-ի փիլիսոփայության ֆակուլտետում անվճար սովորող ուսանողներից մեկը նշեց.

«Ընդունվելուց առաջ ընդհանրապես գաղափար չունեի` ուր եմ գնում և ինչի համար: Հիմա արդեն հստակ հասկանում եմ` ինչ աշխարհ եմ եկել: Փիլիսոփայությունը կոնկրետ գիտություն չէ, այն բազմակողմանի գիտելիքներ է տալիս, ինչն էլ իր հերթին է բազմազան  դարձնում ապագա աշխատանքի ընտրությունը: Իսկ եթե փիլիսոփայությանը մոտ աշխատանք էլ չգտնեմ, կփորձեմ նոր ուղղության մեջ իմը գտնել»:

Որոշ ուսանողներ էլ նշեցին, որ իրենց  հարմար է կես դրույքով աշխատանքը, բայց գործատուները դժվարությամբ են համաձայնվում այդպիսի պայմաններով աշխատողների ընդունել:Առաջարկում են, որ հեռակա սովորեն, քան կես դրույքով աշխատանքի ընդունեն:

Շատ ուսանողներ նշեցին, որ չեն փորձում աշխատանք փնտրել, որպեսզի լիարժեք վայելեն իրենց ուսանողությունը, մասնակցեն ուսանողական հավաքներին ու միջոցառումներին և իրենց չծանրաբեռնեն գումար վաստակելու հոգսերով:

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի` տարեկան 800.000 ուսման վարձ վճարող ուսանողներից մեկն էլ, ով համալսարանում կատարվող ոչնչից տեղյակ չէր, մեզ հետ զրույցում նշեց, որ ընտանիքն հոգում է իր բոլոր ծախսերը, ինքն էլ դասի է գալիս ընկերների ու դիպլոմի համար.

«Ձեռներս հո քարի տակ չի, ավարտեմ պապան մի բան կգտնի, բայց հլը պիտի մագիստրատուրա ու ասպիրանտուրա սովորեմ...»:

Ահա այսպիսինն էր ուսումնական տարվա սկիզբը մեր համալսարաններում: Բարի երթ, սիրելի ուսանողներ:

Պատրաստեց` Անի Հակոբյանը

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել