Araratnews.am-ը գրում է.
Ամերիկյան Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկը «քաղաքական» է կոչել Եվրահանձնաժողովի որոշումը` ընկերությունից 13 մլրդ եվրո առգրավել իբր Իռլանդիայում չվճարված հարկերի դիմաց: Այդ մասին նա հայտնել է Irish Times թերթին տված հարցազրույցում:
«Այդ ամենը քաղաքականությունից է բխում եւ ոչ փաստական, ոչ օրենսդրությանը համապատասխանող հիմք չունի, – ընդգծել է Քուկը: Մենք հակաօրինական ոչինչ չենք արել, եւ իռլանդական իշխանությունները հակաօրինական ոչինչ չեն արել»: Նրա խոսքով, կորպորացիայում զարմանքով են ընկալել եվրոպացի կարգավորողի մեղադրանքները եւ կասկածի են առնում Բրյուսելի հաշվարկների մեխանիզմը:
Այս շաբաթ եվրահանձնաժողովն Իռլանդիայի իշխանություններին մեղադրել է Apple ընկերությանն անհիմն հարկային առավելություններ տրամադրելու համար, ինչը ամերիկյան կորպորացիային թույլ է տվել էականորեն նվազեցնել հանրապետությունում 2003-ից 2014 թվականներին մուծված գումարները: Այժմ ընկերությունը ստիպված կլինի 13 մլրդ եվրո վերադարձնել, գումարած տոկոսները: Փորձագիտական գնահատականների համաձայն, այդ կապակցությամբ Apple-ի ընդհանուր վնասները կարող են ռեկորդային 19 մլրդ եվրո կազմել:
1976 թվականին հիմնադրված Apple-ը iPhone սմարթֆոններ է արտադրում, պլանշետային iPad համակարգիչներ, երաժշտական iPod փլեերներ, նոթբուքներ եւ սեղանի iMac համակարգիչներ, ինչպես նաեւ այլ տեխնիկա: Կորպորացիան աշխարհում խոշորագույններից է, նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 530 մլրդ դոլարը, հայտնում է ՏԱՍՍ-ը: