Image result for տուրիզմՈ՞ւր է էկոնոմիկայի նախարարության վերահսկողությունը

Հաճախ ենք խոսում Հայաաստանում տուրիզմի կարևորության ու զարգացման անհրաժեշտության մասին, սակայն մոռանում ենք, որ տուրիզմը դա ոլորտ է, որը բաղկացած է բազմաթիվ գործող սուբյեկտներից՝ հյուրանոցների, ռեստորաններ, ժամանցային կենտրոններ, թանգարաններ, տեսարժան վայրեր ու նրա զարգացումը այս բոլոր բաղադրիչների զարգացումից է բխում: Այսինքն՝ մեր, ինչպես նաև տուրիզմի ոլորտի պատասխանատուների խնդիրն է այս ամենը պահել ուշադրության կենտրոնում, հետևել մաքրությանն ու նրանց ճշգրիտ աշխատանքին:

Բայց իրականությունն այլ բան է ցույց տալիս: Եթե Երևանը համեմատաբար ցիվիլ գոտի է համարվում, տուրիստական էթիկայի նորմերը պահպանվում են, ապա մարզերում, որտեղ էլ գտնվում են հանգստի գոտիների զգալի մասը, տուրիզմի մշակույթը դեռևս սարերի հետևում է:

Հյուրանոցներում տնավարի (բառիս բացասական ու անճաշակ իմաստով) ընդունում են, հետո պարզվում է, որ տուրիստական ընկերության նախապես ներկայացրած պայմանների կեսը չափազանցություն է, ջուրը մաքուր չի, կենցաղային տեխնիկան չի աշխատում, նկարներում ֆոտոշոփի ու լուսանկարչական հնարքների ազդեցությունը չափազանց մեծ է, հյուրանոցը աղմկոտ վայրում է և բացարձակապես գոյություն չունի այն չեզոքացնոելու որևէ միջոց, մենյուն խիստ աղքատիկ է... էլ չեմ ասում մի շարք այլ անհարմարություններ են հանդիպում, որոնք պարզապես անձնակազմի ոչ պրոֆեսիոնալ լինելու հետևանք են: Աշխատակիցների համազգեստի բացակայությունն էլ դեռ մի կողմ:

Շատ հյուրանոցներում այս վիճակն է տիրում՝ մի տեղ մի քիչ ավելի, մի տեք մի բան պակաս... բայց էն հյուրանոցում, որտեղ օրերս ես եմ հանգստացել, ավելի ճիշտ՝ անհանգստացել, էս ամեն ինչը ոնց որ խտացված լիներ: Ի դեպ, խոսքը Դիլիջանի Ընտանեկան հանգստի տուն (Family rest house) կոչվող հյուրանոցի մասին է:

Ու զարմանալին էն է, որ հյուրանոցում մոռացված կարևոր իրը մեր գալուց հետո բռնել թափել են: Ու իմ հետ պահանջելուն ի պատասխան ասում են, որ իրենք չեն իմացել ինչ իր է (մինչդեռ եղել է մաքուր տոպրակի մեջ, միանգամայն հասկանալի տեսքով) ու թափել են, ես եմ մեղավոր, որ մոռացել եմ, իրենք ի՞նչ կապ ունեն: Մինչդեռ ամբողջ աշխարհում հայտնի է ու տարրական նորմ է այն, որ հաճախորդի համարը հանձնելուց հետո այն հավաքել-մաքրելիս գտնված իրերի մասին անմիջապես տեղյակ է պահվում հաճախորդին: Հիմա ենթադրենք ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով իրերս թողած-գնացած լինեի հյուրանոցից, ուրեմն իրերիս միջից ինչը չհասկանային ինչ է, պետք է թափեի՞ն: Ըստ որում, այդ իրը եղել է բժշկական իր՝ գնված Մոսկվայում, ինչն արդեն ենթադրում է, որ այն նույն տեսքով ստանալը կարող է լուրջ խոչընդոտների հետ կապված լինել: Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի և Էկոնոմիկայի նախարարության այլ պատասխանատու անձանց ուշադրությունն եմ ուզում հրավիրել տեղի ունեցածի վրա, ընդգծելով հյուրանոցի աշխատակիցների անփույթ ու զբոսաշրջության ոլորտի համար վնասակար վերաբերմունքը: Ո՞վ է այս պարագայում պատասխանատու: Պետական մակարդակով, օրենքով զբոսաշրջության ոլորտը հռչակված է տնտեսության գերակա ճյուղ: Ո՞ւր են ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերահսկողությունն ու քայլերն այս ու նմանօրինակ այլ երևույթների կանխարգելման և վերացման ուղղությամբ:

Ու եթե էսքան վրդովված չլինեի հյուրանոցի պատասխանատուների անտակտությունից, թերևս չնշեի հյուրանոցի անունը, սակայն հիմա ստիպված եմ խորհուրդ տալ ընկերներիս ու ծանոթներիս՝ հնարավորության դեպքում խուսափել հյուրընկալվել Դիլիջանի Ընտանեկան հանգստի տանը՝ Family rest house-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել