«Օգոստոսի 29-ին ԼՂՀ կառավարու­թյան նիստում Արցախի գյուղատնտե­սության նախարարության սննդի անվ­տանգության պետական ծառայության պետ Լեւոն Սարգսյանը, ներկայացնե­լով հավի մսի եւ ենթամթերքի շուկա­յում իրականացված դիտարկումների արդյունքները, նշել էր, որ մասնավո­րապես այլ երկրներից ԼՂՀ շուկա ներ­մուծված հավի միսը ֆիզիկաքիմիական տեսանկյունից չի համապատաս­խանում սննդի անվտանգության հա­մար սահմանված չափորոշիչներին։

 

Զարմանալի է, որ Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայությունը ներկրվող հավի շուկայում որևէ շեղում չի հայտնաբերում, այն դեպքում, երբ Արցախի և Հայաստանի շուկա նույն թռչնամիսն է բերվում, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում բուծվող հավերն արտահանվում են Արցախ, իսկ արցախյան հավերը հայտնվում են հայաստանյան սպառողի սեղանին։

 

Սպառողների ազգային ասոցիացիայի գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը աններելի է համարում Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անտարբերությունը սպառողների առողջության նկատմամբ։ Ի վերջո նաև նրանց և նրանց հարազատների սեղանին են հայտնվում այն մթերքները, որոնք պիտանի չեն ուտելու համար, բայցևայնպես դա չի խանգարում, որ պաշտոնյաներն աչք փակեն տնտեսավարողների չարաշահումների վրա։

 

Լևոն Աճեմյանի տեղեկացմամբ՝ տեղական ներմուծողները Հայաստան են ներկրում այլ երկրների արտադրության ցածրորակ և էժանագին սննդամթերք, քանի որ համեմատաբար ցածր գին սահմանելով՝ կարողանում են սպառողական մեծ շուկա ապահովել իրենց արտադրանքի համար, ինչպես նաև Էժանագին արտադրանքի վրա որոշակի գումար ավելացնելով՝ գերշահույթներ ստանալ:

 

Հատկապես շատ վտանգավոր է, երբ սառեցված հավի միսը Երկար ժամանակ վաճառակետում մնալով՝ կրկնակի սառեցման է ենթարկվում. «Եթե հավի միսը երկար ժամանակ չի վաճառվում, այն վերամշակում են քացախով և այլ մանրէազերծող նյութերով նորից սառեցնում են և վաճառում իբրև առաջին թարմության մթերք։ Բայց մանրէազերծող նյութերն ի վիճակի չեն ամբողջովին ախտահանելու միսը, ուստի դրանում տարատեսակ հիվանդությունների հարուցիչներ են բազմանում։

 

Եվ եթե նման միսն օգտագործելուց հետո անմիջապես մարդը չի թունավորվում, ապա տարիների ընթացքում կարող են աղեստամոքսային կամ այլ համակարգի հիվանդություններ առաջանալ։ Պատահական չէ, որ տարատեսակ հիվանդացությունների թիվը աննախադեպ աճել է, դրա պատճառներից մեկն էլ անվերահսկելի և շուկայում հայտնված վտանգավոր սննդամթերքի օգտագործումն է։

 

»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել