Կեղծն է խոսում պերճ դիմակի տակ…
Սիլվա Կապուտիկյան
Մարդ մարդու էությանը համապատասխանող բոլոր ճշմարիտ արժեքները, մեզանում մոռացված, առհամարհված են և շատ շատերիս մոտ վաղուց արդեն իրենց իրական բովանդակությունից զրկված, լոկ նրանց նմանակեղծիքներն են հանդիսանում: Այսօրվա մեր ընթացքը մի զավեշտախաղ է հիշեցնում, որտեղ բոլորս անխտիր, այդ ճշմարիտ արժեքները կրողի դերեր ենք ստանձնել ու ինքնամոռաց ճամարտակություն ենք անում, ներքուստ զգալով կամ չզգալով անգամ վիճակի անհեթեթությունը: Դերին համապատասխան կոկորդ ենք պատռում թե Հայ ենք, իրականում չիմանալով անգամ թե դա ինչ է: Ձև ենք անում… Քրիստոնյա ենք, բայց` չենք, ազգային կամ քաղաքական գործիչ ենք, ազգասեր ու հայրենասեր ենք, մտավորական ենք, պատգամավոր ենք, մեծ բարերար ենք, չգիտեմ էլ ինչ … ենք, սակայն իրականում` չենք, չենք ու չենք: Ձև անելը շատ ավելի դյուրին է, քան լինելը: Լինելու համար մեծ ջանքեր է պետք գործադրել, զոհողությունների է պետք գնալ… Պատկերացնելն անգամ անհնար է. պարզվում է քրիստոնյա լինելու համար, “վերստին ծնվել է պետք”: “Ախպեր ձև արա թող գնա, գլխի չեն ընկնի, ո՞վ ա հասկանալու, մոմ ա` վառում ենք էլի…”, ասում է մեր ներքին ձայնը:
Եվ ահա այսօր մենք, ազգովի, մեզ համար ստեղծել ենք մի իրականություն, որը մի խոսքով կարելի է բնութագրել որպես ԿԱՌՆԱՎԱԼ: Տեղի է ունեցել ողջ երկրի կառնավալացում: Կառնավալի գլխավոր կառավարիչներ հանդիսացող թագավորի ու եպիսկոպոսի (երկրի քաղաքական և հոգևոր կառավարիչների ) հաստատած օրենքներին համապատասխան մեզանում ամեն բան փոխարինված է իր հակոտնյայով. Չարը` բարի է, գայլը` գառնուկ, կաշառակերը` կաշառակերության դեմ պայքարող, պոռնիկն` առաքինի, սրիկան` արդարակյաց, ճանապարհի ավարառուն` գործարար, խավարամիտը` լուսավորիչ, անհավատը` քրիստոնյա և այսպես շարունակ: Մեզանում ամեն ինչը ծաղրի ու զավեշտի է վերածված:
Պետք է ուշքի գալ… Այսպես ապրել այլևս չի կարելի…