Վերջերս տեղեկացա, որ նաև մեզանում կա տարածված մի շփոթ, ըստ որի՝ Պարսկաստանը իբր Իրան է սկսել կոչվել միայն 1935թ.-ից, երբ այս երկրի իշխանությունը դիմեց միջազգային հանրությանը՝ խնդրելով պաշտոնապես օգտագործել հենց վերջին անվանումը:

Իրականում իրենք իրանցիները սեփական երկիրը երբեք չեն կոչել Պարսկաստան` առնվազն Սասանյան շրջանից այն պարսկերենով անվանելով Ērān կամ Ērānšahr, իսկ պարթևերենով՝ Aryān կամ Aryānšahr, որը հանգում է հին իրանական *aryānām xšaθra- ձևին, ինչը հայերենով բառացիորեն կարելի է փոխադրել որպես Արյաց աշխարհ:

Իրավիճակը տեսականորեն մոտավորապես նման է այն բանին, երբ, օրինակի համար, Հայաստանը դիմի միջազգային հանրությանը՝ հորդորելով մեր երկիրը այլ լեզուներով ևս կոչել Հայաստան, այլ ոչ թե Արմենիա:

Այսինքն՝ ըստ էության, Իրանը «մշտապես» եղել է, ուղղակի 1935թ.-ից ի վեր ոչ իրանցիները ևս այս երկիրը սկսել են կոչել իր բնիկ անվանումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել