Աջափնյակում՝ Շիրազի 52 հասցեում, կիրակի գիշերը կրակոցներ են լսվել, առավոտյան պարզվել է, որ բակի շունը հրազենային վնասվածքից սատկել է: Այս մասին Aysor.am-ին պատմեց Աջափնյակի բնակիչ Քնարիկ Նազարյանը:

Նա ասաց, որ կիրակի առավոտյան գտել են շան մարմինը` արյան մեջ թաթախված, անասնաբույժը զննել է և պարզել, որ կենդանին հրազենային վնասվածք է ստացել. այժմ կենդանու մարմինը փորձաքննության է ուղարկված` փամփուշտը հանել են:

«Դա բակի շունն էր, որին խնամում էին բոլորը, բացարձակապես անվնաս էր, մի քանի տարի է, նա մեր բակում էր ապրում, որևէ մեկը նրա հաչոցը չէր լսել»,- ասաց բնակիչը:

Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն, որտեղ նրան պատասխանել են, որ «էդ շուն խփողներին թաղապետարանն է ուղարկել, դրանք բառադի շներ են»: Ոստիկանությունից նաև հորդորել են դիմել թաղապետարան. «Ոստիկանությունը ձեռքերը լվաց»:

«Օրենքով արգելված է բնակելի տարածքում հրազենի կիրառումը. եթե շունը վտանգավոր է, նրան պետք է քնեցնեին, ստերիլիզացնեին ու բաց թողնեին»,- ասում է Ք. Նազարյանը:

Թաղապետարանից Քնարիկ Նազարյանին պատասխանել են, որ «բողոքներ կան, դրա համար շանը սպանել են»: «Նույն հաջողությամբ կարող եմ մեր հարևանի դեմ բողոքել, թող գան, նրան էլ սպանեն»,- դառնանում է Քնարիկը՝ նշելով, որ եթե անգամ բողոքներ եղել են, իրավունք չունեին սպանելու:

Aysor.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից ճշտեց, որ այս տարի շան կրակելու վերաբերյալ ահազանգ չի եղել, իսկ եթե սպանված շուն է լինում, այդ հարցերով զբաղվում են թաղապետարանը, քաղաքապետարանը. դա ոստիկանության գործառույթը չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել