Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Իմ ողջ լրագրողական գործունեության ընթացքում ես Հայաստանում գրեթե չեմ տեսել որևէ մարդու, որն ինձ հանդիպելիս ասի, որ նա գոհ է իր վիճակից, ուրախ է, որ իր կյանքը հենց այդպես է դասավորվել, որ ունի հետաքրքիր աշխատանք, դրանից բավականություն է ստանում, և դրա դիմաց իրեն տրվում է բավարար աշխատավարձ։ (Ես, օրինակ, դա կարող եմ պնդել, բայց այս հարցում նույնպես չնչին փոքրամասնության մեջ եմ)։ 25 տարի շարունակ խոսակցության գլխավոր թեման է սեփական խղճուկ նյութական վիճակը (այդ թվում՝ մարդկանց, որոնց «ռեսուրսները» էապես գերազանցում են իմ հնարավորություններին), որից սահուն անցում է կատարվում իշխանությունների ապօրինի հարստությանը, իսկ այնուհետև՝ «էս երկրի» ու «էս ազգի» հասցեին բավականին տհաճ բնութագրերին։ Իշխանությունները փոխվում են, իսկ մենախոսությունների թեման մնում է նույնը։ Վստահ եմ, որ կես տարուց էլ այս առումով ոչ մի բան չի փոխվի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իշխանության գլխին լինելու։
Բացի օբյեկտիվ հիմքերից՝ դա, կարծում եմ, նաև մշակույթի մի մասն է, որը ձևավորվել է Հայաստանում դեռևս բրեժնևյան ժամանակներից։ Այդ շրջանում էլ, թեև լրագրող չէի, աջից և ձախից լսում էի գրեթե նույն զրույցները՝ այսինչ ցեխավիկը, պահեստապետը կամ դատախազը «այսքան փող է առնում», այնինչը՝ այնքան»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։