Այն բացառիիկ դեպքերից է, երբ ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասունանում է կոնֆրոնտացիա Հայաստանի ներքին ուժերի ու արտաքին ուժերի միջև, և ես ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել գոնե մի պատճառ՝ հայաստանյան ուժերի կողմից լինելու համար։
«Կարֆուրի» շուրջ ծավալվող զարգացումները գնալով ահագնանում են, որովհետև ի վերջո սա համաշխարհային գիգանտ է ու մի քանի հայկական օլիգարխ պարզապես ոչինչ են նրա դեմ, բայց ակտիվորեն հակազդում են այս ընկերության տնտեսական էքսպանսիային դեպի հայաստանյան շուկա, իսկ «Կարֆուրն» էլ քանի որ պատի տակից դուրս էկած լարյոկ չի, չի պատրաստվում այդքան շուտ հանձնվել։
Արդեն իսկ գործի են դրվել ազդեցության որոշակի լծակներ, որոնք միտված են հայկական իշխանություններին հասկացնելու, որ խիստ ոչ հեռատես քայլ կլինի շարունակել «Կարֆուրին» խոչընդոտելը՝ հօգուտ լֆիկյան մենաշնորհների։ Մի շարք դեսպաններից հետո իր խոսքն է ասել նաև Հայաստանում ակտիվորեն գործող Եվրոպական Ֆոնդերից մեկի՝ «Ֆրիդրիխ Էբբերտ» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը, ով այս կապակցությամբ մասնավորապես ասել է.
«Ոչ միայն Հայաստանի, այլեւ այլ երկրների օրինակից կարող եմ ասել, որ այնպիսի հզոր ցանցը, ինչպիսին «Կարֆուրն» է, կարող է ազդել թե՛ քաղաքականության, թե՛ ընդհանրապես երկրի տնտեսության վրա։ Եվս մեկ փաստ, որին ես ծանոթ եմ՝ Հայաստանում մենաշնորհները հիմնականում պարենամթերքների ներմուծման հետ են կապված, եւ տնտեսության ու քաղաքականության փոխկապակցվածությունը, երբ մենաշնորհներ ունեցողները, որոնք ազդեցություն ունեն կառավարության վրա, վարվող քաղաքականության վրա, միգուցե կվախենային մրցակից ունենալ այդ բնագավառում։
Եթե ձեր կառավարությունը վերջիվերջո արգելի «Կարֆուրին» գալ Հայաստան, փաստորեն սա կլինի այն դեպքը, որ կարող է հետեւանք ունենալ երկրի քաղաքականության, հետագա զարգացումների վրա: Դա կարող է ազդեցություն ունենալ այլ ներդրողների հետ կապված, քանի որ, բնականաբար, եթե կան նպատակներ, որ ուզում են այստեղ ներդրումներ անել, նման մասնակցություն ունենալ Հայաստանի տնտեսությունում, այսուհետ նրանք կմտածեն՝ գործունեություն ծավալե՞լ, թե՞ ոչ, եթե այստեղ կա մի խումբ, որը կարող է ազդեցություն ունենալ երկրի ղեկավարության եւ ընդհանուր քաղաքական որոշումների վրա»:
Այլ կերպ ասած, գնալով ավելի չոր հուշումներ ենք լսում, որոնք հասցեագրված են մեր իշխանություններին, ու եթե վերջիններս չփոխեն իրենց դիրքորոշումը, ապա չեմ բացառում, որ հետևեն ավելի կոշտ միջոցներ՝ ընդհուպ մինչև տնտեսական ու քաղաքական պատժամիջոցների կիրառում ինչպես առանձին հայաստանյան այրերի, այնպես էլ հենց Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
Կից նյութն` այստեղ