Երկար, լայն բաճկոն են կրում և երկարաճիտ, տափակ կոշիկներ: Իմ գործը հեշտ չէ, երևի չգիտես էլ, թե ինչու:
Երբ տանիքին կանգնած նայում ես քաղաքին, միգուցե դրա մեջ ռոմանտիզմ կա, բայց արի ու տես, որ ծխից սևացած խողովակը երկար չի սպասի:

Գործատուս երիտասարդ կին է` այրի, ապրում է մենակ` լքված գրադարան հիշեցնող տան մեջ:
Մի քանի անգամ փորձել է լքել տունը, բայց ամուսնու հետ կապված բոլոր հիշողությունները այս տանն են: Հյուրեր չի ընդունում, նույնիսկ ինձ չնչին աշխատավարձս տալիս ներս չի հրավիրում. երևի կարծում է, թե դուռը օտար մեկի առաջ բացելիս տունը հիշողությունները ցրում է տարբեր ուղղություններով,բայց ինքը թույլ չի տա:
Օրերով փակվում է տանը, լսում ամուսնուց մնացած ձայներիզները, արդեն որերորդ անգամ ծայրից ծայր քանդում և դասավորում սիրելիի իրերը: Հագուստները չի լվանում. դրանք կկորցնեն ամուսնուց մնացած բույրը:
Գիտեմ, որ սիրել են իրար ուժգին սիրով, որ լավ պահեր շատ են ապրել այս տանը, բայց ծխնելույզ մաքրողի միակ սերը ծխնելույզն է, իմ բարեկամ:
Գործս ավարտել եմ, նստել տանիքին` ծխնելույզին հենված: Մութը արդեն վաղուց ընկել է, և ոչ մեկի մտքի ծայրով էլ չի անցնի, որ ոմն խենթի մեկը նստել է տանիքին և իջնելու մտադրություն էլ չունի:
Այ թե ինչպես են մարդուն «խենթ» պիտակը կպցնում:
Տիրուհիս և ամուսինը նստել են բուխարու դիմաց և քննարկում են, թե իրենց ապագա փոքրիկն ինչ մասնագիտություն կընտրի, բայց չեն վիճում, նույնիսկ իրար հակասելիս խոսակցությունն իր ջերմ նրբերանգը չի կորցնում:
Ամուսինը գրկել է կնոջը, իսկ կինը երևի կքնի հիմա:
Տանտիրուհին ամուսնու վերնաշապիկի պատռված գրպանն է կարում, իսկ ամուսինը հեռուստացույց է դիտում` բուխարու դիմացի բազմոցին նստած:
Ամուսինը տուն չի եկել, բայց կեսգիշեր է արդեն: Տանտիկինը հենց հյուրասենյակի բազմոցին էլ կպառկի ու կսպասի նրան:
Հյուրասենյակի բաց երանգներն այլևս չկան, ամենը կարծես չքացած լինի, տանտիրուհին էլ սև է զգեստավորվել, այլևս այս պայծառ կնոջից նշույլ անգամ չկա:
Ծխնելույզը տանը վառվող կրակի ծխի հետ հիշողություններ էր գողանում և պատմում ինձ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել