Նույն օրը, երեկոյան, Հիսուսն իր աշակերտներին ասաց.
-Եկե՛ք լճի մյուս կողմն անցնենք։
Աշակերտները թողեցին ժողովրդին և բարձրացան այն նավակը, որի մեջ գտնվում էր Հիսուսը։ Այնտեղ ուրիշ նավակներ էլ կային։ Հանկարծ մի ուժեղ քամի փոթորկեց լիճը։ Ալիքները, նավակին խփվելով, ներս էին թափվում այն աստիճան, որ նավակը գրեթե լցվում էր։ Մինչդեռ Հիսուսը նավակի հետևի կողմում բարձի վրա ննջում էր։ Աշակերտները արթնացրին նրան և ասացին.
-Վարդապե՛տ, քո հոգը չէ՞, որ մենք կորչում ենք։
Ոտքի կանգնելով՝ Հիսուսը սաստեց քամուն և ասաց.
-Դադարի՛ր։- Իսկ լճին ասաց.- Հանդարտվի՛ր։
Քամին դադարեց, և կատարյալ հանդարտություն տիրեց։ Ապա Հիսուսն ասաց իր աշակերտներին.
-ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԱՅԴՊԵՍ ՎԱԽԿՈՏ. ԴԵՌԵՒՍ ՀԱՎԱՏ ՉՈՒՆԵ՞Ք։
Նրանք սաստիկ վախեցան և ասում էին միմյանց.
-Ո՞վ է արդյոք այս մարդը, որ նույնիսկ հողմն ու ծովը հնազանդվում են իրեն։
(Մարկոսի ավետարան 4:35-41)
Օրհնյա՜լ լինի Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ հայրաբար գթում և որպես Աստված մխիթարում ու զորացնում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք Աստծուց մեր վայելած օգնությունն ու մխիթարությունը տալ նրանց, որոնք ամեն տեսակ նեղությունների մեջ են, որովհետև որքան շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, այնքան ավելի մեծ կլինի նրա օգնությունն ու մխիթարությունը։ Մենք նեղությունների ենք ենթարկվում ձեզ օգնելու և Աստծու փրկությունը ձեզ բերելու համար, և եթե Աստված օգնում է մեզ, դարձյալ ձեզ օգնելու համար է, որպեսզի մեր օրինակով սովորեք, թե Աստված ձեզ էլ է զորացնելու, որ համբերությամբ կարողանաք տանել այն չարչարանքները, որ այժմ կրում ենք մենք։ Ուստի մեր հույսը հաստատուն է ձեր հանդեպ, որովհետև գիտենք, որ մասնակից լինելով մեր չարչարանքներին՝ մասնակից կլինեք նաև մեր ունեցած մխիթարությանը։
Եղբայրնե՛ր, ուզում եմ, որ գիտենաք, թե ինչպիսի՜ նեղություն կրեցինք Ասիա նահանգում։ Մեր կարողությունից այնքան վեր էր այդ բեռը, որ գրեթե կորցրինք ապրելու մեր հույսը։ Զգացինք, որ մահվան վճիռը կախված է մեզ վրա։ ԲԱՅՑ ԱՅԴ ՊԱՏԱՀԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ՍՈՎՈՐԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ՉԱՊԱՎԻՆԵԼ, ԱՅԼ ԱՍՏԾՈՒՆ, ՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՄԵՌԵԼՆԵՐԻՆ։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 1:3-9)